Նոր կարգ. Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի աշխատակիցները 274-ից մինչև 507 հազար դրամ աշխատավարձ կստանան

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում հաստատեց պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը:

Ըստ այդմ` պաշտոնաթող վարչապետի գրասենյակի աշխատակիցներին նախատեսվում է վճարել ամսական 507 520 դրամ, 407 680 դրամ և 274 560 դրամ աշխատավարձ։ Գրասենյակն ունենալու է 3 աշխատակից, այսինքն` աշխատավարձի տարեկան ֆոնդը կազմելու է 14,8 մլն դրամ` չհաշված պաշտոնաթող վարչապետի կոնսաթոշակը` վարչապետի գործող աշխատավարձի 70 տոկոսի չափով և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը, որի հաշվարկը ներկա փուլում, ըստ կառավարության, հնարավոր չէ իրականացնել:

Փոխարենը հաշվարկվել է, որ գրասենյակի համար վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարը պետական բյուջեի համար կարժենա տարեկան 2 մլն դրամ։

Հիշեցնենք` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքը փոփոխվել էր 2022 թվականի մայիսին։ Դրանով պաշտոնաթող նախագահների գրասենյակներին ավելացվել էր պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը:

Օրենքի փոփոխությունից հետո ամրագրվել է, որ պաշտոնաթող նախագահներին տրամադրվելում է անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով, պաշտոնաթող վարչապետներին` 10 տարի ժամկետով։ Բայց անհրաժեշտության դեպքում ժամկետները կարող են երկարաձգվել։

Պաշտոնաթող վարչապետին ևս, ինչպես նախագահներին, տրամադրվելու է կահավորված գրասենյակ, ավտոմեքենա, 3-հոգանոց աշխատակազմ և վարչապետի գործող աշխատավարձի 70 տոկոսի չափով կենսաթոշակ։

Բացի այդ, պաշտոնաթող նախագահի ու վարչապետի՝ մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող մինչև 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ծախսերի ընթացքում նրանց պահպանությունը ևս ապահովվելու է պետության հաշվին` ՊՊԾ աշխատակիցներին վճարելով գործուղման գումարներ։