Հայաստանի արտաքին քաղաքական մանևրի դաշտը նեղանում է, ու սա լուրջ մարտահրավեր է․ Փաշինյան

Ես իմ խոսքում չասացի՝ Հայաստանում ժողովրդավարությունը մարտահրավերներ չունի, ասացի ներքին սպառնալիքներ չունի: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ  նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ-ն շարունակում է լինել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ, որտեղ բոլոր մասնակիցները բացի Հայաստանից՝ ոչ ժողովրդավարական պետություններ են, և արդյոք լինելով ավտորիտար երկրների ընտանիքում, վտանգ ենք ստեղծում մեր ժողովրդավարության համար:

«Այն առումով, որ ես Հայաստանում ժողովրդավարությունը համարում եմ անշրջելի ներքին առումով, իսկ արտաքին առումով ի՞նչ վտանգներ կան: Ես ուզում եմ մեր ոչ վաղ անցյալի մասին խոսել:

2021թ․ մայիսի 10-ին ուժի մեջ էր մտել իմ հրաժարականը և խորհրդարանը լուծարվել էր, երկրում փաստացի չկար ոչ կառավարություն, ոչ խորհրդարան, ու մայիսի 12-ին տեղի է ունենում Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում, զրո ռեակցիա ՀԱՊԿ-ի կողմից։

Այժմ քրեական գործով կան կալանավորված բարձրաստիճան զինվորականներ, որովհետև այդ ժամանակ ոչ մի գործողություն չէին ձեռնարկել ՀՀ ինքիշխան տարածքը պաշտպանելու համար ու նրանք չունեին բացատրություն։ Եթե այդ ժամանակ մեր ռեակցիաները լինեին շատ գծային, հիմա մենք և ժողովրդավարությունը կկորցնեինք, և պետությունը»,- ասաց նա։

Խոսելով՝ արտաքին մարտահրավերների մասին, Փաշինյանը ընդգծեց․ «Երբ սկսվել էին Ուկրաիայի գործողությունները, ՀՀ-ն փորձում էր բալանսավորված դիրքորոշումներ ունենալ իր քվեարկություններով և այլն, ու դա գոհունակություն էր ձևավորում բոլոր գործընկերների մոտ, բայց ժամանակի ընթացքում ՀՀ-ի մանևրի դաշտը նեղանում է։ Սա լուրջ մարտահրավեր ու պրոբլեմ է բոլորիս համար»։