2018-ին Սերժ Սարգսյանն այդ պատերազմի անոնս արել էր․ Փաշինյան

Վտանգավոր եմ համարում և համաձայն չեմ այն ձևակերպմանը, որ հարձակվում են այն երկրների վրա, որտեղ ժողովրդավարական բարեփոխումներ են տեղի ունենում, սա իրավիճակի ճիշտ ընկալում չէ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին,  ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք բոլորս մոռանում ենք 2016 թվականի պատերազմը։ 2020 թվականի պատերազմը բոլոր առումներով 2016 թվականի պատերազմի շարունակությունն էր»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այլ բան է, եթե ասենք՝ ժողովրդավարությունը չկարողացավ այնպես անել, որ 44-օրյա պատերազմը տեղի չունենա։

«Ի վերջո, չմոռանանք՝ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու, այդ պատերազմի անոնսն արել էր։ Այն ժամանակ Հայաստանում դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել, ու սա շատ կարևոր ըմբռնում է: Ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից։ Հենց նախագահի նշած հանգամանքի պատճառով», – նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պատճառն այն էր, որ իշխանությունն առերեսվեց ճշմարտության մի ծավալի՝ Ղարաբաղի հարցի հետ, որն անմարսելի էր։

«Անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության ու էլ ավելի անմարսելի էր հանրության համար։ Սա է ֆունդամենտալ պատճառը, որովհետև երբ կարգախոսների տակ տեսնում ես ինչ կա՝ անմարսելի է։ Դա ես օբյեկտիվ քննադատություն կհամարեմ», – շեշտեց նա։