Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 5

Նիկոլը պատրաստվում է «խաղաղության պայմանագրի» անվան ներքո ստորագրել պատերազմի պայմանագիր

 

Սկիզբը` այստեղ

Ահա թե Ալիևն արդեն ուր հասավ… Ահա թե Նիկոլի ու նիկոլենց կողմից մեր հասարակությունը պառակտող ավերիչ քաղաքականությունը, այնուհետև պետական դավաճանությամբ 44-օրյայի ընթացքում պարտվողական պատերազմ վարելը, հետագայում դավաճանական քաղաքականությունը շարունակելը (զուգակցված հանուն Ադրբեջանի զիջողական քաղաքականությամբ) ու կեղծ խաղաղության օրակարգը մեզ ուր հասցրեցին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի Հանրապետության (իր ձևակերպմամբ՝ Լեռնային Ղարաբաղի) իշխանություններից պահանջել է հանձնվել ու ակնարկել հակառակ պարագայում «ցանկացած գործողություն» իրականացնելու մասին:

Ինչպես տեղեկացնում է РБК -ն, Ալիևը Լեռնային Ղարաբաղի իշխանություններից պահանջել է «աղբի դույլը նետել իրենց կեղծ «պետական ​​ատրիբուտները» և ցրել խորհրդարանը», և հիշեցրել, որ հայկական գյուղերը տեսանելի են ադրբեջանական դիրքերից: Այսինքն՝ շատ պարզ հասկացրել է, որ Ադրբեջանը դիրքային առավելություն ունի, Արցախի բնակավայրերը թիրախավորված են, ու Բաքվի պահանջը չկատարելու դեպքում դրանք կխոցվեն:

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից պահանջում է արձակել (լուծարել) խորհրդարանը, նախագահին հանձնել գերի, իսկ նախարարները, պատգամավորները «և մյուսները» պետք է հրաժարական տան». այս մասին Լաչին կատարած այցի ժամանակ, ինչպես գրել է ադրբեջանական Haqqin. az –ը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևն ասել է, որ միայն այս պայմանների կատարման դեպքում հնարավոր են «մեղմացումներ», և խոսք կարող է լինել համաներման մասին։

«Բոլորին քաջ հայտնի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք այդ տարածաշրջանում իրականացնել ցանկացած գործողություն»,- ընդգծել է նա։

Ալիևի խոսքով՝ «անջատողականության վերջն եկել է», ինչպես նաև Միացումի պատմության՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու գաղափարի։ Նա հայտարարել է, որ չճանաչված հանրապետության անկախության երազանքները «գնացել են այնտեղ, որտեղ և կարգավիճակը», իսկ «կարգավիճակը մենք դեռ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուղարկել ենք այնտեղ, որտեղ պետք է»:

«Հնազանդվեք Ադրբեջանի օրենքներին, դարձեք Ադրբեջանի օրինապահ, նորմալ քաղաքացիներ, ձեր կեղծ «պետական ​​ատրիբուտները» նետեք աղբարկղը և ցրե՛ք խորհրդարանը»,- թվարկել է Ալիևը Արցախի հայ բնակչության նկատմամբ Բաքվի պահանջները։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից վերահսկվող Լաչինից տեսանելի են հայկական բնակավայրերը, և Երևանը պետք է հիշի դա։

Իր այս հայտարարությամբ, որ Լաչինից (ընդգծենք՝ Նիկոլի և նիկոլենց կողմից Ադրբեջանին հանձնված Քաշաթաղից) տեսանելի, այսինքն՝ խոցելի են հայկական բնակավայրերը, Ալիևը շտապել է օգնության հասնել Նիկոլին, ըստ որի, պետք է «խաղաղության պայմանագիր» ստորագրենք, հանձնենք (զոհենք) Արցախը, որպեսզի պատերազմ չլինի ու փրկենք Հայաստանը:

Այստեղ հարկ է հիշեցնել այն աքսիոմատիկ, անվիճելի ճշմարտությունը, որ առանց Արցախի, չի կարող լինել Սյունիքը, իսկ առանց Սյունիքի՝ Հայաստանը:

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ երկու ադրբեջանցի զինվոր մոլորվել և պատահաբար մտել են հայկական տարածք (խոսքը ոչ թե մոլորված, այլ Հայաստանի տարածք միտումնավոր մտած ադրբեջանցի մարդասպան ահաբեկիչների մասին է), որից հետո գերի են ընկել և խոշտանգվել՝ ի հեճուկս կորցած զինծառայողների վերադարձի մասին պայմանավորվածությունների։

«Եթե դուք խախտում եք այս պայմանավորվածությունը, ապա ինքներդ կվճարեք դրա համար»,- սպառնացել է Ալիևը։

Հարկ է ուշադրություն դարձնել այն փաստին, որ Ալիևն Արցախի գոյության վերջը նշանակող իր այս պահանջներով հանդես է եկել Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթանակից անմիջապես հետո:

Դատելով ամենից, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն չկարողանալով իրենց թեկնածուով Թուրքիայում հաղթել ու խառնել Ռուսաստանի խաղաթղթերը, Ալիևին ինչ- որ հեռախոսազանգով կամ նրա մոտ իրենց ներկայացուցչին ուղարկելով, տվել են գործի անցնելու և այստեղ Ռուսաստանի հաշվարկները խախտելու համապատասխան ազդանշան կամ հրաման ՝ նպատակ ունենալով Ադրբեջանի միջոցով մեծ պատերազմ հրահրել ու դրանում ներքաշել նաև Ռուսաստանին, որպեսզի վերջինիս համար մեր տարածաշրջանում 2-րդ ճակատ բացվի:

Ուշագրավ է նաև մեկ այլ համընկնում. Ալիևն իր վերոնշյալ հայտարարությամբ հանդես է եկել մայիսի 28-ին՝ ճիշտ նույն օրը, երբ Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, РБК-ի տեղեկացմամբ, իր թելեգրամ-ալիքում հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շուտով կանցնեն «ակտիվ հարձակողական գործողությունների»:

«Շուտով կգա ժամանակը, երբ մենք կանցնենք ակտիվ հարձակողական գործողությունների, սահմանել եմ դրանց պատրաստվելու կոնկրետ առաջադրանքներ»,- գրել է Սիրսկին։

Սիրսկու հայտարարության նախօրեին՝ մայիսի 27-ին, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ հակահարձակումը կարող է սկսվել «վաղը, մյուս օրը կամ մեկ շաբաթից», և հավաստել է, որ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են դրան։

Իր պահանջները չկատարելու դեպքում տարածաշրջանում (Ալիևը նկատի ունի Արցախը և Հայաստանը) «ցանկացած գործողություն» իրականացնելու Ալիևի ակնարկը սոսկ դատարկ սպառնալի՞ք է, թե…

Արցախի առումով շատ բան կախված է լինելու այնտեղ ռուսական խաղաղապահ զորախմբի առկայությունից, որը միանշանակ զսպող գործոն է Ադրբեջանի համար, այլապես Ադրբեջանը վաղուց արդեն լուծել էր Արցախի Հանրապետության երբեմնի տարածքից մնացած շուրջ 25 տոկոսի բռնազավթման և հանրապետության գոյությանը վերջ տալու հարցը: Բայց Նիկոլի կողմից «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո Արցախում ռուսական խաղաղապահների առկայությունն Ադրբեջանի համար կդադարի այլևս զսպող գործոն լինել: Ինչո՞ւ…

Շատ պարզ. Ալիևն արդեն իսկ, ըստ էության, հայտարարել է, որ Նիկոլի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք ճանաչելով, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ՝ ռուսական խաղաղապահ զորախմբին վերաբերվող մասը (3-րդ, 4-րդ և 6-րդ կետեր) կորցնում է իր ուժը: Ֆեյսբուքի օգտատերերից Դերենիկ Մալխասյանն իր էջում այս կապակցությամբ գրել է .

«Պուտինի մոտ տեղի ունեցածի ամենաէական մասը Իլհամի այն հայտարարություններ էր ուղղված Նիկոլին, որ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, դա մեր տարածքն է ու մեր քաղաքացիները, ինչ ուզենանք՝ կանենք։ Դու քիթդ մի խոթի քեզ չվերաբերող գործերի մեջ։

Իլհամը նաև հասկացնում է, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ի դրությամբ Հայաստանը չէր ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում ու այդ պայմանավորվածությունները ակտուալ էին այդ ստատուս քվոի դեպքում։

Իսկ, երբ Նիկոլը 2022թ-ի հոկտեմբերին Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, դրանից հետո իրավիճակ փոխվեց և նոյեմբերի 9- ի հայտարարության այդ կետը այլևս չի գործում։

Այս ամբողջին Նիկոլը ոչինչ չհակադարձեց»։

Ինչպես արդեն նշել ենք հոդվածաշարի նախորդած մասում, «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո Ալիևը, նախ, Ռուսաստանից կպահանջի խաղաղապահ զորակազմը հանել «իր տարածքներից»՝ Լեռնային Ղարաբաղից և Լաչինի միջանցքից, իսկ չհանելու դեպքում կկատարի քայլեր, որոնք կհանգեցնեն սկզբում ռուսական խաղաղապահ զորակազմի հետ բախման, այնուհետև Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի՝ դրանում Թուրքիային ներքաշելու հավաքական Արևմուտքի և իր հաշվարկով:

Ադրբեջանի կողմից վերոնշյալ քայլերի կատարումը հավանաբար կախված կլինի Արևմուտքի կողմից Ուկրաինայի միջոցով ՌԴ-ի դեմ մղվող պատերազմի ընթացքից, հակամարտության գոտում առաջիկա իրավիճակից:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան