Ի՞նչ գնահատականներ պետք է տրվեն Ալիևին ՀՀ իշխանությունների կողմից․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Ի՞նչ գնահատականներ պետք է տրվեն Ալիևին ՀՀ իշխանությունների կողմից՝

  1. Ալիևն ակնհայտորեն տորպեդահարում է խաղաղության վերաբերյալ բանակցությունները, նա չի ուզում որևէ թղթի ստորագրում, հետ է կանգնում ձեռքբերված բոլոր պայմանավորվածություններից: Եթե նույն ամերիկյան կողմը խոսում է միջազգային մեխանիզմներով երկխոսության մասին, ապա ինչու՞ է Ալիևը համարձակվում նման կերպ խոսել՝ «պետք է վիզը ծռած գան համաներում պահանջելու»:
  2. Ալիևի ելույթը ֆաշիստական է, այլ եզրույթ չի կարող կիրառվել: Ելույթի մեջ քանի տեղ կիրառվում է «ատելի թշնամի» ձևակերպումը: Սա փաստում է՝ ԼՂ–ում ապրող հայերը չեն կարող որևէ կերպ լինել Ադրբեջանի կազմում, դա նրանց ֆիզիկական գոյության սպառնալիք է:
  3. Մինչ միջազգայինները գովում են Փաշինյանի՝ զիջումների գնալու քաղաքականությունը, ապա լուռ են Ալիևի նմանատիպ ելույթների վերաբերյալ: Այս դեպքում նրանք պատասխանատու են այն ամենի համար, ինչ կարող է տեղի ունենալ Արցախում ապրող հայերի դեմ: Նրանց հետ պետք է հստակ ու կոշտ խոսակցություն ունենալ այս ամենի մասին: Սա ելույթ չէ զուտ, այլ գործողությունների ծրագիր:
  4. Առավոտից երեկո պետք չի կրկնել «ՀՀ–ն Արցախի անվտանգության երաշխավորը չէ» թեզը: Որքան էլ այնտեղ ռուս խաղաղապահներ են կանգնած, այնտեղ ապրում են մեր 120,000 հայրենակիցները, 30,000 հայ երեխա, եթե Աստված մի արասցե՝ նրանց դեմ որևէ գործողություն սկսվի, ՀՀ–ում չեն կարող անտարբեր նստել ու դիտորդի դերում լինել: Ուստի նման հայտարարություններով միայն օգնում եք Բաքվին, մի՛ արեք դա:
  5. Հայաստանը այս իրավիճակում չպետք է շարունակի բանակցել, սա նշանակում է, որ դու ատրճանակը ճակատիդ պահած պատրաստ ես «վիզդ ծռած» բանակցել, սա խաղաղության մասին խոսակցություն չի: Այս ամենն Ալիևի ձեռքին գործիք է դառնալու ՀՀ–ի դեմ ագրեսիվ գործողությունների գնալու համար:

Ի վերջո, բավական է ձեզ չհասկացողի տեղ դնեք, Ալիևը այնքան պարզ է խոսում, որ չհասկանալու տեղիք չի թողնում: Աշխատեք ու կանխեք այս աղետը, ոչ թե ադրբեջանահաճո թեզերով լցրեք մեր հանրային դաշտը»: