Ռուբեն Վարդանյանը՝ Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության մասին

Այս իրավիճակում մենք բոլորս նույն նավակի մեջ ենք՝ անկախ անձի կարգավիճակից։ Պետք է թողնել ամեն ինչ եւ պաշտպանել Հայրենիքը։ Եթե ​​մենք բոլորս համախմբվենք հստակ ձեւակերպված գաղափարի շուրջ, որը ոչ ոք չի խախտի, ապա ես խնդիր չեմ տեսնում։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության մասին հարցին։

«Ուրիշ բան, որ Բաբայանն Արցախում իր պատմությունն ունի՝ իր դրական եւ բացասական կողմերով։ Նրա ժամանակաշրջանում շատերի համար շատ բան անընդունելի էր։

Ես չեմ ուզում Արցախում պաշտոնների հետ կապված հարցեր քննարկել, քանի որ կարծում եմ, որ սա սխալ մոտեցում է։ Ես արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը։ Ես ծանոթ եմ Սամվել Բաբայանի ծրագրին, նա փորձ ունի եւ  մարդիկ դա ընդունում են, բայց 21-րդ դարում նոր մարտահրավերներ են ի հայտ եկել, ուստի կարող են մտքեր հնչել, բայց դրանք պետք է արժանանան ժողովրդի աջակցությունը»,- ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով, Սամվել Բաբայանի փոքրաթիվ հանրահավաքը ցույց տվեց, որ չնայած երկու ամսվա ընթացքում տեղի ունեցած հանդիպումներին, մարդիկ պատրաստ չեն կանգնել նրա կողքին։

«Ուստի, ինչպես նախագահն է ասել, պետք է համախմբվել եւ փորձել ոչ թե փոխել պաշտոնները, այլ պատրաստվել թշնամու դեմ պայքարին։ Մեր պետությունը անդունդի եզրին է, որն ամեն կերպ ուզում են փլուզել։ Մենք պետք է ամեն ինչ անենք մեր երկիրը, մեր Արցախը պաշտպանելու համար։ Դրա համար ստեղծում ենք Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատը, դրան միանում են տարբեր ոլորտների մարդիկ, բայց մեկ գաղափարի շուրջ՝ մի կողմ դնելով անձնական շահերը»,- շեշտեց նախկին պետնախարարը։