Նախատեսվում է 92 տոկոսով բարձրացնել քննիչների աշխատավարձը

ՀՀ իշխանությունները նախատեսում են ավելի քան 90 տոկոսով բարձրացնել քննիչների աշխատավարձը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և պետծառայողների աշխատանքի վարձատրման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, մայիսի 23-ին հայտարարել է հանրապետոության Քննչական կոմիտեի փոխնախագահ Արսեն Այվազյանը։

Հայաստանում, ինչպես նշել է ՔԿ ներկայացուցիչը, քննիչները հետաքննում են վարույթում գտնվող գործերի 90-95 տոկոսը։ Այվազյանի խոսքով՝ նրանց ծանրաբեռնվածությունը տարեցտարի միայն ավելանում է։ Դա, իր հերթին, մեծացնում է մասնագետների արտահոսքի և պրոֆեսիոնալ կադրերի կորստի սպառնալիքը։

«Ոլորտի գրավիչ չլինելու պատճառով քննիչ դառնալ ցանկացողների թիվը պակասում է»,- նշել է ՔԿ ներկայացուցիչը։ Իսկ մեծ ստաժ և աշխատանքի փորձ ունեցող քննիչները, որպես կանոն, նախընտրում են անցնել փաստաբանության։ Այնտեղ, Այվազյանի հավաստիացմամբ, ավելի լավ են վճարում։

Իշխանությունները հույս ունեն, որ աշխատավարձի զգալի ավելացումը թույլ կտա գոնե մասամբ լուծել առկա խնդիրները։ Նախատեսվում է ընդհանուր առմամբ բարձրացնել 975 մարդու աշխատավարձը։ Նախնական հաշվարկներով՝ դա պետական բյուջեի վրա կնստի 3,1 մլրդ դրամ։ Խոսքն ընթացիկ տարվա հունիս-դեկտեմբերի գումարի մասին է։ Այսինքն, եթե խորհրդարանն այս օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տա, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2023թ. հունիսից։