Զոհված զինծառայողների հարազատները հաջակցություն Գայանե Հակոբյանի՝ անհնազանդության ակցիաներ են անում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին:

Գայանե Հակոբյանը մեկ ամսով կալանավորվեց:

Կալանավորման որոշումից հետո դատարանի բակում հավաքված զոհված զինծառայողների հարազատները, քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ սկսեցին, նրանք կարճ ժամանակով փակեցին Արշակունյանց պողոտան, ապա որոշում կայացրին երթով շարժվել դեպի կառավարության շենք: Նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել Գայանե Հակոբյանին:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների՝ հետևից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առևանգման հոդվածով, Գայանե Հակոբյանը ձերբակալվել է։

Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։