Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ Արցախում պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և դրան անդամակցելու առաջարկին

Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ Արցախում պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և դրան անդամակցելու առաջարկին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բաբայանի մամուլի ծառայությունը:

«Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների հայտնում ենք, որ ս․թ․ մայիսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և Սամվել Բաբայանին այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ։

Առաջնորդվելով Արցախում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մոտիվացիայով և նպատակով՝ Սամվել Բաբայանը պատրաստակամ է քննարկելու ստեղծվելիք մարմնի լիազորություններն ու գործառույթները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ նախօրեին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես էր եկել Պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու առաջարկով: Նա նաև առաջարկել էր այդ կոմիտեում ընդգրկել Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: