Վաշինգտոնը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է. Վեդանտ Պատել

ԱՄՆ-ը հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առաջ գնալու կարևոր քայլեր են: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը:

«ԱՄՆ-ը այդ բանակցությունների կողմ չէր: Սակայն որպես Արլինգտոնում մեր հյուրընկալած բանակցությունների շարունակություն, մենք շարունակում ենք հավատալ, որ դրանք առաջ ընթանալու կարևոր քայլեր են, և մենք շարունակում ենք համարել, որ այդ երկու երկրների միջև տևական խաղաղությունը հնարավոր է», – ասել է Պատելը:

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում` ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ և հուլիսին` Բրյուսելում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումների շրջանակում: