Ինձ համար էլ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ դեսպանի հայտարարության մասին

«Ինձ համար էլ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը։ Բայց, հավանաբար, խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում առաջին պատերազմին։ Թերևս այդ տեսանկյունից պետք է նայել։ Բայց ես էլ եմ  դժվարանում ասել՝ ինչի մասին է  խոսքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի մասին էր խոսում ՀՀ-ում դեսպան Անդրեա Վիկտորինը, հայտարարելով, թե 1-2 կետ կա, որտեղ հայկական զորքերն են, ասենք, սահմանային տարածքներում, եթե մինչ այս պահը չի եղել որևէ հրապարակում, որ հայկական զորքերն ադրբեջանական սահմանին են։

Փոխնախարարը նշեց, որ, ըստ երևութին, սա նաև ընդունված ձևաչափ է՝ միշտ դիմել երկու կողմերին, բայց  ակնհայտ է բոլորի համար, որ այս շրջանում խոսքը գնում է  Հայաստանի տարածքից զորքերի դուրս բերմանը, որին անդրադարձել է Եվրամիություը, ԱՄՆ, այլ գործընկերներ։

«Իմ կարծիքով, բոլորի  համար ակնհայտ է, թե ինչի մասին էր գնում խոսքը»,- ասաց փոխնախարարը։

Պ. Հովհաննիսյանը նշեց, որ նախկինում եթե միայն երկկողմանի հայտարարություններ էին, հիմա արվում են և ուղղված, և երբեմն երկողմանի, որպեսզի նաև պահեն ինչ-որ ձևով կոնտակտ կողմի հետ։

Փոխնախարարը անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որում հստակեցված չէր, թե Ալիևը հրաժարվե՞լ է «Զանգեզուրի միջանցք» գաղափարից, ասաց. «Ինչ վերաբերում է միջանցքային տրամաբանությանը, այս անգամ, համենայն դեպս, դա ընդհանրապես չի հնչել, ինչը նշանակում է, որ մեր գործընկերներն այլևս չեն օգտագործում այդ եզրույթը, և արդեն ակնհայտ էր, թե ինչ դիրքորոշում ունեն միջնորդները»։