Հստակ նշվել է, 1-2 կետ կա, որտեղ հայկական զորքերն են, ասենք, սահմանային տարածքներում․ ՀՀ-ում ԵՄ դեսպան

«Սա ընթացիկ աշխատանք է, ապահովում է առաջադիմություն, բոլոր հարցերը պետք է հստակ քննարկվեն, ներկայացվեն բանակցությունների սեղանին»,- ասուլիսում ասաց  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը` անդրադառնալով երեկ Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան-Ալիև բանակցություններին ու դրան հաջորդած հայտարարություններին։

Նա նաև նշեց, որ իրենք հասկանում են՝ «չափազանց կարևոր է գալ համաձայնության, հուսով ենք՝ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն», կանցնեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, ինչը չափազանց կարևոր է և շատ հստակ։

«Սա աշխատանք է, որն ակնկալում է  առաջընթաց, քայլ առ քայլ շարժվում ենք առաջ։ Նոր եռակողմ հանդիպումներ դեռ սպասվում են»,- ասաց դեսպանը։

Լրագրողը ճշտող հարց ուղղեց դեսպանին, թե իր խոսքում նշեց «զորքերը պետք է երկու կողմն էլ դուրս բերեն», Հայաստանի մասով ի՞նչ նկատի ունի, Հայաստանի զորքերը, ըստ էության Հայաստանի տարածքում են,  Անդրեա Վիկտորինն ասաց. «Դա շատ հստակ նշվել է, 1-2 կետ կա, որտեղ հայկական զորքերն են, ասենք, սահմանային տարածքներում, և շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա է եղել Բրյուսելում օգտագործված հստակ  ձևակերպումը։ Ես պարզապես կրկնում եմ»։