Ադրբեջանական սադրանքի հետևանքով նախօրեին զոհված Նարեկ Բաղադասարյանի ծառայությանը մնացել էր 50 օր

Ադրբեջանի ԶՈՒ-ի հարձակումից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Բաղդասարյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղից էր։ Նրա ծառայությանը մնացել էր 50 օր։

Նարեկը տան միակ տղան էր, իրենից մեծ երկու քույր ունի, ծնողները գյուղատնտեսությամբ են զբաղվում:

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցություն է հայտնել Նարեկի զոհվելու կապակցությամբ։ Նա կսկիծով գրել է․

«Թշնամու սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս նախօրեին զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված Նարեկ Նորայրի Բաղդասարյանն է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքից։

Հարազատական ամենամոտ կապերն ունենալով՝ Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ հայրենասեր մեր տղա։

Անսահման մեծ է ցավի զգացումը, անդառնալի մեր զինվորի կորուստը։

Փա’ռք Նարեկին, համբերություն ընտանիքին ու մեզ բոլորիս։

Հավերժ խոնարհում հայրենիքի համար կյանքը տված մեր բոլոր հայորդիներին»։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին ժամը 16:50-21։00  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի, Սոթքի և Վերին Շորժայի հատվածում՝ կիրառելով նաև հրետանի և ականանետեր։ Հայկական կողմ ունեցավ երկու վիրավոր և մեկ զոհ։