Տաճարը պետք է հաղթի փողոցին․ հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «նոր Հայաստանին»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գնահատմամբ՝ այսօր մեր կյանքում միմյանց հանդեպ ամենամեծ խնդիրն անվստահությունն է՝ բոլոր առումներով, ընդհուպ՝ մինչև ընտանիք: Այս մասին նա ասաց «Բեկում. 2018-2023թթ. Հայաստանը ջրբաժանի առաջ» համաերիտասարդական ֆորումի ժամանակ:

«Բոլորի մասին է խոսքը, բնականաբար, առաջին հերթին նրանց, ովքեր պատասխանատուն են մեր կյանքի՝ լինի քաղաքական, վարչական իմաստով, բոլոր առումներով։ Յուրաքանչյուր մարդ մեր կյանքում այս կամ այն պատճառով մեղքի ծանրության տակ է գտնվում, անկախ նրանից՝ որքան կզգա դա։ Մեղքի մեջ գտնվող ժողովուրդը չի կարող ունենալ շեն երկիր։ Ասում է Տեր Աստված՝ քո երկիրը լքված ու ավերակ կլինի, եթե դու չկարողանաս հրաժարվել առաջին հերթին ինքնաարդարացումից, գործածի համար պատասխան տալու քաջություն ունենաս», –  ասաց եպիսկոպոսը։

«Անընդհատ խոսել ենք քաղաքացի պատրաստելու մասին, բայց ո՞վ է խոսել մարդ պատրաստելու, ինքնություն պատրաստելու, ինքնության հետ հաշտ լինելու մասին, և, ամենակարևորը, քաղաքացիական հասարակություն պատրաստելուց առաջ բարոյական հասարակություն պետք է ունենալ։ Խնդիր է, որ քեզ ներկայացնողը, քո կառավարիչը ո՛չ ամոթ, ո՛չ վախ, ո՛չ բարոյականություն ունի։ Մեր այսօրվա կյանքը գողացված ուրախության, գողացված պատվի ժամանակաշրջան է, և մենք կոչված ենք վերականգնելու այն։ Տաճարը պետք է հաղթի փողոցին, այսինքն այն բարքերին, որոնք գոյություն ունեն մեր կյանքում։ Այո, հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «նոր Հայաստանին», սա պետք է լինի մեր նշանաբանը»,- ընդգծեց Սրբազանը։

NEWS.am-ի տեսանյութը