Զախար Պրիլեպինի մեքենայի պայթյունը ՌԴ ՔԿ-ը ահաբեկչություն է որակել

Նիժնի Նովգորոդում պայթեցրել են գրող Զախար Պրիլեպինի մեքենան, նա ողջ է մնացել, բայց վիրավորվել, իսկ վարորդը զոհվել է։ Այս մասին հայտնել է ՌԴ արտակարգ ծառայությունը։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն Պրիլեպինի մեքենայի պայթեցման հետ կապված՝ քրեական գործ է հարուցել ՌԴ Քր. օր. 205 հոդվածով (ահաբեկչական գործողություն)։ ՆԳՆ-ը հայտնել է կասկածյալին կալանավորելու մասին, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։

Դեպքի վայրում աշխատում են Ռուսաստանի ՔԿ քննիչ-քրեագետները և պայթյունի գծով մասնագետները։ ՌՔԿ-ում ավելացրել են, որ քննության շրջանակում կկատարվի կենսաբանական, գենետիկական, ֆիզիկաքիմիական եւ տեխնիկական փորձաքննություն։ Աշխատում են ԱԴԾ-ի և ՆԳՆ-ի օպերատիվ ծառայությունները։

Քննության տվյալներով՝ մեքենայի, որի մեջ գտնվում էր Զախար Պրիլեպինը, պայթյունը տեղի է ունեցել ժամը մոտ 11.00-ին Նիժնի Նովգորոդի մարզի Բորի շրջանի բնակավայրերից մեկում։ Նրա Audi Q7 մեքենայում գործի է դրվել պայթուցիկ սարք։ Վարորդը զոհվել է։ Պրիլեպինը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Նիժնի Նովգորոդի նահանգապետ Գլեբ Նիկիտինն ավելի վաղ տեղեկացրել էր, որ գրողը մի քանի թեթեւ կոտրվածքներ ունի։