Երիտասարդությունը եթե նորարարություն չբերեց և սեփականը, ազգայինը չզարգացրեց, մենք տանուլ ենք տալու․ Աբրահամ Գասպարյան

Այսուհետ խոսակցություններ չպետք է լինեն։ Մենք անցել են այդ խոսակցությունների փուլը։ Այս մասին «Բեկում. 2018-2023թթ. Հայաստանը ջրբաժանի առաջ» համաերիտասարդական ֆորումում իր ելույթի ժամանակ ասաց Genesis Armenia կազմակերպության հիմնադիր, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։

«Մենք շատ ենք քննարկել, շատ ենք քննադատել, շատ ենք խոսել, մտածել։ Հիմա աշխատանքի ժամանակն է։ Պատերազմից անմիջապես հետո իմ վերլուծաբանական աշխատանքի ժամանակ հերթական անգամ ցանկություն ունեցա մի քանի ակնհայտ միտք արտահայտել գործող խունտայի տարբեր ներկայացուցիչների ասպարեզ հրավիրելու համար»,- նշեց քաղաքագետը։

Քաղաքագետի խոսքով՝ պատերազմից հետո Հայաստանում ոչ ոք խոսելու իրավունք չունի։

«Պատերազմից հետո բոլորը պետք է գործեն, պետք է աշխատեն, որովհետեւ մենք մեր անտաղանդությամբ, մեր անտարբերությամբ, մեր չմտածված քայլերով մեր երկրում ստեղծել ենք այնպիսի իրավիճակ, երբ այսպես կոչված «Թումանյան-Տերյան» պետության տրամադրություններն են իշխում ամբողջ Հայաստանի տարածքային հարթությունում։ Եվ ես հեծանիվ չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ հիմա անգամ երկու մարդ չկա, որ կհավաքվի պատերի տակ միասին եւ չի խոսի երկրի ճակատագրի կամ հեռանկարների, կամ ապագայի մասին»,- ընդգծեց նա։

Ա. Գասպարյանի կարծիքով, «մենք պարտվեցինք այն ժամանակ, երբ դպրոցում հայրենասիրություն, Հայոց պատմություն սովորեցնող դասատուն փողոցում 2018-ին իր երեխային սովորեցրեց պարել «դուխով» երգի տակ»։

Դիմելով ֆորումին ներկա երիտասարդներին՝ նա ասաց․ «Մենք ունենք կարևոր խնդիր՝ երիտասարդությունը եթե չեղավ զարգացած, եթե չքայլեց ժամանակին համընթաց, եթե նորարարություն չբերեց և սեփականը, ազգայինը չզարգացրեց, մենք տանուլ ենք տալու»։