Հայոց ցեղասպանության թանգարանն ամբողջությամբ չի փակվելու, կեղծ լուրեր են․ թանգարանի տնօրեն․ NEWS.am

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորոգումը կկատարվի մաս-մաս, այն չի խոչընդոտի այցելուների մուտքին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։

Նրա խոսքով՝ թանգարանի և վարչական շենքի նորոգման աշխատանքները նախատեսվում են հուլիսից մինչև մյուս տարվա հուլիս, իսկ հուշարձանինը և այլ հատվածներինը՝ մյուս տարվա հուլիսից կրկին մեկ տարով։

«Թանգարանի շենքում խնդիր ունենք ջրամեկուսացման և ջրահեռացման, այսինքն՝ առաստաղից մեր սենյակներում ջուր է կաթում։ Երկու տարով փակ է լինելու թանգարանի ամենաներքևի ցուցասրահը, քանի որ առաստաղը վատ վիճակում է։ Հուշարձանի փակվելու մասին ևս խոսք չկա։ Թանգարանն ամբողջությամբ չի փակվելու, կեղծ լուրեր են, նորոգումն այցելուներին չի խանգարելու։ Այն լինելու է մաս-մաս։ Եթե մի մուտքում վերանորոգման հետևանքով խնդիր լինի, մյուս մուտքով կմտնեն այցելուները»,- ասաց Մարությանը։