Չեխիայի վարչապետը խոսեց Հայաստանում փոքր օդանավերի արտադրության հնարավորության մասին

Հայաստանն առաջնահերթ երկրների ցանկում է մեր վերափոխման համագործակցության ծրագրում. այդ ծրագիրը հիմնականում վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, մարդու իրավունքներին եւ անկախ մեդիաներին աջակցելուն: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան:

«Մենք տեսնում ենք մեր հարաբերությունները խորացնելու լրացուցիչ հնարավորություններ տնտեսության ոլորտում, գիտության, կրթության, հետազոտությունների բնագավառներում: Օրինակ, միջուկային էներգետիկան, ընդհանրապես էներգետիկան: Մեր մասնագետները ներգրավված են Մեծամորի ատոմակայանի անվտանգության բարելավման աշխատանքներին, նրանք ընթացիկ վերանորոգումներին մասնակցում են: Չեխիան կարող  է նաեւ բարձրակարգ շատ տեխնոլոգիաներ առաջարկել Հայաստանին, օրինակ,  խելացի քաղաքների ոլորտում: Մենք մեր խելացի քաղաքների տեխնոլոգիաները ներկայացրեցինք նախորդ տարի կոնֆերանսի ընթացքում:

Ուրախ ենք տեսնել, որ մեր համագործակցությունն ավիացիայի ոլորտում շարունակվում է խորանալ: Կա ծրագիր, հնարավոր է, որ արտադրվեն փոքր օդանավեր Ստեփանավան քաղաքում, որտեղ երկրաշարժից հետո օդանավակայան է կառուցվել»,-ասաց նա:

Չեխիայի վարչապետը խոսեց նաեւ երկու նախաձեռնությունների մասին կրթության ոլորտում. Չեխիայի համալսարաններից մեկում այս տարվա փետրվարին հայկական արվեստի եւ մշակույթի ամբիոն է բացվել, մեկ այլ համալսարանում վերսկսելու են դասավանդել հայոց լեզուն: