«Ժողովրդավարության բաստիոնից» մարդիկ գլխիվայր անդունդն են նետվում

2018 թվականին հեղափոխականների անվան տակ իշխանության եկած փողոցային խաժամուժի անդամների դիմակները վաղուց են պատռվել. ժողովրդավարության քարոզով մարդկանց վստահությունը շահած քպ-ականները Հայաստանում երբևէ եղած ամենաբռնապետական, վախկոտ իշխանությունն են, որոնց համար ժողովրդավարական արժեքները ոչ թե նպատակ են, այլ թիրախ: Թվում է` կառավարման հինգ տարիների ընթացքում նրանք հասցրել են հատել ժողովրդավարության բոլոր կարմիր գծերը, որոնց փառաբանմամբ եկան իշխանության և իշխանության լծակները զավթելուց անմիջապես հետո իրենց վրայից դեն նետեցին ոչխարի մորթին՝ ի ցույց դնելով գայլի երախները:

Ինչպես պատահի և որտեղ պատահի մեր դժբախտ ապագայի և ինչու ոչ՝ ներկայի կրողներն ու պատասխանատուներն իրենց վստահած ու թավիշի համար ծափահարած աշխարհին ժողովրդավարության վրա թքելու հերթական մաստեր կլասն են ցույց տալիս, թքելու՝ բառի բուն իմաստով: Արդյոք ԱԺ նախագահի՝ փողոցում բռնի ուժ գործադրելու միջոցով քաղաքացու երեսին թքելը դրա վկայությունը չէ, այդ ո՞ր ժողովրդավարական կամ գոնե այդ արժեքները գնահատող երկրում նման բարձր պաշտոնյան կարող է իրեն իրավունք վերապահել փողոցում հրահանգել թիկնապահներին ոլորել քաղաքացու թևերը և սապատավոր կենդանու նմանությամբ թքել նրա երեսին: Եթե անգամ նման բան պատահեր Եվրոպայում, ԱՄՆ-ում, արևմտյան կամ թեկուզ ոչ արևմտյան՝ բարեկիրթ հասարակություն ունեցող երկրում, ապա այդ պաշտոնյան առնվազն կհեռացվեր: Այնինչ Սիմոնյանը շարունակում է պաշտոնավարել, իր սրտի վարչապետը ոչ միայն որևէ գնահատական չտվեց նրա տխեղծ արարքին, այլև Սիմոնյանը դեռ սպառնում է, որ հարկ եղած դեպքում նորից իրեն ուղտի կնմանեցնի ու նրա պես ուղտային վարք կդրսևորի: Բա, պարոն վարչապետ, այդպե՞ս եք լրջորեն զբաղվում ձեզ վստահված երկրի զարգացմամբ: Թե այդ դուք չէիք խոստանում Հայաստանից հերթական Սինգապուր սարքել, երբ 2020 թվականի հունվարին ձեզ հատուկ սնապարծ ոճով հայտարարում էիք, թե Սինգապուրում զարգացման գործընթացը փողոցում թքելու դեմ պայքարից են սկսել՝ բարձր տուգանքներ սահմանելով: Միայն թե եթե այնտեղ մարդիկ գետնին էին թքում, ապա այստեղ ձեր օրենսդիր մարմնի ղեկավարը մարդկանց երեսներին է թքում: Թե՞ այս դեպքում քաղաքակրթական խնդիր չի առաջանում, ինչպես գետնին թքելիս:

Թերևս շատ ավելի քստմնելի արարք էր զոհված զինծառայողների ծնողներին ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելը՝ ծեծելով ու քարշ տալով անգամ մայրերին, ինչ է թե այդ մարդիկ իրենց արդարացի բողոքն էին հայտնում զավակների սպանդի համար պատասխանատու Փաշինյանին: Իսկ նա ոչ միայն չցանկացավ լսել նրանց, խոսել ու գուցե ամոքիչ խոսքեր ասել, այլև իր ոստիկանական ոհմակն ուղարկեց Եռաբլուրից ծնողներին հեռացնելու և իր ճանապարհը բացելու համար:

Ես մի դեպք եմ հիշում, որին ինքս եմ ականատես եղել: Սերժ Սարգսյանի կառավարման օրոք՝ 2012 թվականին, Կոնդ թաղամասի այն բնակիչները, որոնց տները քանդել էին և նոր բնակարաններով դեռ չէին ապահովել, փակել էին նախագահի մեքենայի ճանապարհը հենց նստավայրի մոտ՝ պահանջելով լսել իրենց: ՀՀ երրորդ նախագահը սրընթաց չանցավ նրանց միջով, ոստիկանները կոպիտ չհրեցին նրանց, իսկ կոնդեցիների թիվը փոքր չէր՝ մոտ երեք տասնյակ հոգի էին, որևէ հղի կնոջ այդ ժամանակ նախագահի թիկնապահները չգցեցին մեքենայի տակ, այլ Սերժ Սարգսյանը հրահանգեց կանգնեցնել մեքենան, իջավ և մոտեցավ տուժածներին, հանգիստ խոսեց նրանց հետ և նույն հանդարտությամբ հեռացավ՝ առանց կեղծ խոստումներ տալու, բայցև ասելով, որ անտուն մնացած կոնդեցիներին բնակարաններով ապահովման ծրագիրն ընթացքի մեջ է:

Իսկ այսօր հավքն իր թևով, օձն իր պոչով որքան էլ ջանք գործադրեն չեն կարող մի քանի մետր հեռավորությամբ անգամ մոտենալ նախագահականին, այնքան, որ ուժեղացված հսկողություն է իրականացվում այնտեղ իր կյանքի համար խիստ անհանգստացող և մեղքերի մեջ թաղված Փաշինյանի հրահանգով: Բա ժողովրդավարության բաստիոնի գլխին կանգնած ղեկավարն այդքան կվախենա՞ այդ նույն ժողովրդից: Այստեղ էլ մեջբերեմ երբեմնի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պնդումը, թե իրենք Հայաստանում երբևէ եղած ամենաժողովրդավար իշխանությունն են: Իշխանություն, որի օրոք ԱԺ դարպասներն այնքան ամուր են զոդել, որ անգամ քամին է վախվխելով ներսուդուրս անում, որի օրոք կառավարության շենքի մոտ մշտապես ավտոբուսներով ոստիկաններ են հսկում, որի օրոք ազատ խոսքի համար մարդկանց են կալանավորում, դատում ու հենց դատարաններում սպանում, ընդդիմադիր մամուլի բերանն են փակում ու դադարեցնում կամ սահմանափակում հեռարձակումը: Այդ միայն ամենահանդուրժող նախկին իշխանությունների ժամանակ կարող էր գոյություն ունենալ Նիկոլ Փաշինյան անունով իրեն լրագրող հռչակած բանսարկուն, որը հետո իբրև ընդդիմադիր պատգամավոր՝ ԱԺ ամբիոնի մոտ իրեն պատռում էր՝ տարատեսակ զազրախոսություններ, զրպարտություններ ու ստեր թափելով իշխանությունների մասին, և պատկերացրեք, որ հանդուրժվում էր: Հիմա ո՞րն էր ժողովրդավարական իշխանություն: Չմոռանանք նաև, որ նախկին իշխանությունների միջազգային կառույցների հանդեպ ունեցած պարտավորությունների պատասխանատվությունից օգտվելով՝ Հայաստանում ծաղկեց օտար ազդեցության գործակալական ցանցը, որն էլ ի վերջո քայքայեց մեր պետականությունը:

Քանի որ խոսք գնաց Ազգային ժողովի ամբիոնից, հիշեցնենք ներկա իշխանությունների կողմից բոլորովին վերջերս տեղի ունեցած ժողովրդավարության դրսևորումներից ևս մեկը: Երբ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահն Թագուհի Թովմասյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն ամբիոնից իր ելույթի վերջում հայտարարեց, որ իրականացնում է քաղաքական ակցիա և թույլ չի տալու այսուհետ իշխանական պատգամավորներին երկրի թիվ մեկ ամբիոնից ստեր հնչեցնել, կասկածի տակ դնել Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունը, ԱԺ նախագահն անմիջապես ՊՊԾ աշխատակիցներին հրահանգեց պատգամավորին և նրան միացած մյուս ընդդիմադիր պատգամավորներին թեկուզ բռնի ուժով հեռացնել դահլիճից: Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ ընդդիմադիր 10 պատգամավորի նկատմամբ նկատողություն հայտարարվեց, նրանք մինչև օրվա վերջ հեռացվեցին նիստերի դահլիճից։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Թագուհի Թովմասյանն արձանագրեց, որ ԱԺ-ում տեղի ունեցավ ժողովրդավարության, խոսքի ազատության, կամարտահայտման կոպիտ ոտնահարման հերթական դեպքը իշխանական օրենսդիր ներկայացուցիչների կողմից: «Որևէ խորհրդարանում չեք տեսնի, որ թիկնազորը այդպիսի ագրեսիվությամբ քաշքշի պատգամավորներին, այն էլ՝ ընդմիջման ժամին: Ես ուզում եմ հայտարարել, որ ԱԺ նախագահի՝ մեզ դահլիճից դուրս հրավիրելու հրամանը միանգամայն ապօրինի էր, երբ հենց ինքը հայտարարեց ընդմիջում: Երկրորդ՝ ԱԺ նախագահի հրամանը կատարողները իրավունք չունեին որևէ կերպ խոչընդոտել պատգամավորների աշխատանքին, որովհետև հենց իրենց կանոնադրությամբ նախատեսված է, որ նրանք կարող են և պարտավոր են չեզոքացնել վտանգը, իսկ իմ ակցիան, որին հետո միացան իմ գործընկերները, մենք ուղղակի կանգնած էինք, որևէ մեկի անվտանգությունը դրանից չէր տուժում»: Թագուհի Թովմասյանի խոսքով՝ իրենք բախվել են շատ կոշտ ապօրինության, որը պետք է ունենա հետևանքներ: Այդ օրն անմիջապես քպ-ական պատգամավորներին հիշեցրին, թե իրենք ինչպիսի վարք էին դրսևորում Ազգային ժողովում և թե ինչպես էին ՀՀԿ պատգամավորները համբերատար հանդուրժում նրանց անօրինական արարքները, դե խոսքի ազատություն էր, կամքի ազատ արտահայտման իրավունքը այն ժամանակ հարգվում էր, եթե դա պետության անվտանգության սպառնալիք չէր ընկալվում: Դեռ չենք մոռացել, թե ինչպես 2018 թվականի ապրիլին Արարատ Միրզոյան-Լենա Նազարյան զույգը գունավոր ֆրայերներով ծխահարեցին ԱԺ նիստերի դահլիճը՝ գոռոզաբար հայտարարելով, թե դա ազատության ջահն է: Եվ անվտանգության որևէ աշխատակից չխոչընդոտեց նրանց խորհրդանշական ակցիան: Լա՞վ էր չէ այն ժամանակ, ժողովրդավարական արժեքները օտարերկրյա ազդեցության գործակալներն իրենց օգտին էին կիրառում: Եվ պատկերացնո՞ւմ եք ինչպիսի անպատկառ վայնասունով նրանք կբողոքեին ու կդիմեին միջազգային ատյաններին, եթե անվտանգության որևէ աշխատակից համարձակվեր դիպչել իրենց պատգամավորական մեծությանը: «Հանրապետականի իշխանության տարիներին, գործընկեր միջազգային կառույցները մեզ անընդհատ խրախուսում և հորդորում էին առաջ տանել ժողովրդավարական բարեփոխումները: ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ը, ԵԽ-ն շարունակ զեկույցներ էին հրապարակում, իսկ ցանկացած փոքրիկ միջադեպի վերաբերյալ` անհապաղ հրապարակային կարծիքներ էին հայտնում:

Ես պատկերացնում եմ՝ ինչ կլիներ, եթե մեր իշխանության տարիներին ԱԺ ամբիոնից անվտանգության աշխատակիցները, թեկուզ մատով դիպչեին որևէ պատգամավորի: Էլ չեմ ասում խանգարեին պատգամավորների քաղաքական ակցիան, որը լայնորեն ընդունված և կիրառվող երևույթ է ժողովրդավարական աշխարհում: Հաստատ այդ առիթով առնվազն ԵԽԽՎ-ն արտահերթ զեկույց կհրապարակեր: Այսօր բոլորը լուռ են, որովհետև Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ դարձել են օտարների կամակատարը: Նույնիսկ (ներողություն) թքելու կենդանական պատրաստակամությունն են դարձրել քաղաքական մշակույթի մաս: Սա է ժողովրդավարության բաստիոնը: Հայաստանը` շատ կարևոր արժեքների հետ մեկտեղ, վաղուց կորցրել է նաև ժողովրդավարությունը»․ այդ միջադեպին անդրադառնալով՝ իր ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք ոչ միայն ժողովրդավարություն չկա, այլ մեկ անձի դիկտատուրա է, որն իշխում է նաև իր թիմակիցների վրա ու իր կամքը թելադրում:

Թագուհի Ասլանյան