Սուրեն Պապիկյանը առավոտյան անակնկալ ստուգայց է կատարել ՊՆ զորամասեր

Մայիսի 4-ին վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել եմ ՊՆ N զորամասերում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել եմ զորամասերի տարածքով, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։

Ստուգայցի շրջանակում հանդիպել եմ նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ:

Շրջել եմ զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին:

Այցելել եմ նաեւ առաջնագիծ, հետևել ինժեներական, դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին»,-գրել է Պապիկյանը: