Մեր խնդիրը մեր տարածքների ազատագրումն է, ոչ թե Մոսկվային հարվածելը․ Զելենսկու խոսնակ

Պատերազմում Ուկրաինայի խնդիրն է ազատագրել գրավյալ տարածքները, ոչ թե հարվածներ հասցնել Մոսկվային։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը՝ BBC News-ի համար մեկնաբանելով Մոսկվայում տեղի ունեցած գիշերային միջադեպը։

«Մենք տեղեկություններ չունենք Կրեմլի վրա այսպես կոչված գիշերային հարձակումների մասին, բայց, ինչպես բազմիցս հայտարարել է նախագահ Զելենսկին, Ուկրաինան իր ամբողջ ուժերն ու միջոցներն ուղղում է սեփական տարածքների ազատագրմանը, ոչ թե օտարների վրա հարձակմանը»,-ասել է Նիկիֆորովը։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ի գիշերը անհայտ անօդաչուն բախվել է Կրեմլի համալիրի տարածքում գտնվող շենքերից մեկի տանիքին: Արդյունքում տեղի է ունեցել տեղային հրդեհ։ Տուժածների մասին չի հաղորդվում:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը Մոսկվան գնահատում է «որպես ծրագրված ահաբեկչական գործողություն և Պուտինի դեմ մահափորձ»՝ մեղադրելով «Կիևի ռեժիմին»։

Դրանից հետո Մոսկվայում որոշել են ամբողջությամբ արգելել անօդաչուների թռիչքները։