Եթե չհամաձայնենք, կասեն՝ ըհը, դուք դավաճան եք․ Փաշինյանը «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրման մասին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանում «Նեմեսիս»-ի գործողության մասնակիցների հիշատակը հավերժացնող արձանի տեղադրման շուրջ Թուրքիայի դժգոհությանը․ «Այնպես չի, որ տարբեր ուղղություններով մեր գնալ-գալու վրա արձանները չեն ազդում։ Օրինակ, մենք առերեսվում ենք, թե այդ հարաբերությունների վրա ժամանակին Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումն ինչ ազդեցություն է ունեցել։ Ես ուզում եմ հիշեցնել կամ տեղեկացնել, որ մենք այդտեղ լուրջ պրոբլեմներ ունեցել ենք և շարունակում ենք ունենալ։ Եվ այնպես չի, որ միայն արևմտյան ուղղությունից ենք արձանների հետ կապված հարցեր ստանում»։

Վարչապետը մեկնաբանել է, թե ինչու է Երևանում տեղադրվել «Նեմեսիս»-ի գործողության մասնակիցներին նվիրված հուշարձան. «Տեղադրվել է մի պարզ պատճառով․ երբ այդ թեման սեղանից սեղան գնացել է, նախաձեռնությունները եղել են 2020 թ. դեկտեմբերից 2021 թ․ ապրիլի շրջանում, բոլորը մտածել են՝ այս դավաճանության ընդհանուր տրամաբանության մեջ եթե չհամաձայնենք, կասեն՝ ըհը, դուք դավաճան եք։ Մենք բոլորս, ըստ էության, առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ՝ այնպես անել, որ մեզ չասեն դավաճան, բայց մենք իրականում մեր երկրի պետական և ազգային շահերը դավաճանում ենք։ Կարևորը՝ ալիբի ունենանք, որ դավաճանություն չենք արել։ Բայց որ խորքային դավաճանություն ենք անում, դրա մասին ոչ մեկը չի խոսում»։

Ըստ վարչապետի՝ կա պրոբլեմ, որը, սակայն, մեր պրոբլեմն է. «Ովքեր մեր ճանապարհը փակում են, նրանք ընդհանրապես ոչ մի պրոբլեմ չունեն։ Նրանք պրոբլեմ եթե ունեն էլ, այդքան խորը չի»։

Վարչապետը նաև նշել է, թե ՀՀ-ն հիմնականում չի առաջնորդվել տնտեսական շահով, այլ առաջնորդվել է էմոցիոնալ շահով. «Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ էմոցիոնալ ժողովրդից վերածվենք պետական ժողովրդի։ Դա հեշտ ճանապարհ չի»։

Հիշեցնենք, որ «Նեմեսիս» գործողությունն իրականացրած հայ վրիժառուների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրումը սպառնագին արձագանքի է արժանացել Անկարայի կողմից։