Ինչո՞ւ է բարձրացել ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու գինը

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ իրեն բազմաթիվ քաղաքացիներ են դիմել՝ դժգոհելով, որ ՀԷՑ-ը 5-6 անգամ ավելացրել բաժանորդ դառնալու գինը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Գնել Սանոսյանը հայտնեց, որ մինչ այդ բաժանորդ դառնալու համար, երբ քաղաքացիները վճարել են որոշակի գումար, դա իրական պատկերը չի եղել։

«Այսինքն ընկերությունը շատ ավելի մեծ գումար է ծախել, քան քաղաքացուց գանձվել է։ Ցավոք սրտի, այդ պակասը լրացվել է այլ ներդրումների համար հատկացված գումարների հաշվին։ Երբ մենք հանրապետության բազմաթիվ տեղերում ունենք հոսանքի հաճախակի անջատումների, տատանումների խնդիր, հարց է բարձրացվում, թե ինչու ՀԷՑ-ը դրանք չի կարգավորում։ ՀԷՑ-ն էլ արդարանում է, թե՝ ես իմ գումարները ծախսում եմ այլ տեղեր ու չեմ կարողանում ենթակառուցվածքները բարվոք վիճակում պահել կամ վերանորոգել ու հիմնանորոգել»,-ասաց Սանոսյանը, նշելով, որ ՀԾԿ հանձնաժողովում տևական քննարկումներից հետո եկել են այն եզրահանգման, որ ներդրումների համար հատկացված գումարները չպետք է ծախսվեն այլ ուղղությամբ։

«Այդ պատճառով մեր քաղաքացիները պետք է վճարեն իրական արժեքի չափով»,-ասաց նա՝ մանրամասնելով, որ նոր բաժանորդ դառնալու գինը պայմանավորված է մի քանի գործոններից, հզորությունից։