Արցախը տարածաշրջանային անվտանգության երաշխավորն է, և Ադրբեջանի քայլերը ոչ միայն Արցախի դեմ են (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է  Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, ԱՀ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

«Չափազանցություն չէ, բայց մենք հիմա գտնվում ենք հայ ժողովրդի ողջ պատմության ամենապատասխանատու և վճռորոշ փուլում»,- անդրադառնալով Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա ապօրինաբար անցակետ տեղադրելու փաստին՝ ընդգծեց Բաբայանը՝ հավելելով, որ չնայած այն հանգամանքին, որ նախկինում ևս կանգնած ենք եղել պետականության կորստի առաջ, հայոց պետականությունը բազմաթիվ անգամներ է տապալվել, բայց, այնուամենայնիվ, պատկերը մի փոքր այլ է եղել, քանզի մեծ էր նաև հայ ժողովրդի բնակության վայրը, մինչդեռ այսօր «մեր էթնիկ տարածքի մինիմումը հասել է մաքսիմումի, սրանից փոքր երբեք չենք եղել և եթե սա էլ կորցնենք, վերակենդանացման, հայոց պետականության վերականգման այլևս որևէ հնարավորություն չենք ունենա»։

Ըստ բանախոսի՝ սա պետք է լավ հասկանալ, և թվում է, թե այսպիսի փոքր քայլերին ոմանք կարող են անտարբեր լինել, լուրջ չպատկերացնեն՝ ինչ է կատարվում, «բայց իրականությունն է այն է, որ, փաստորեն, Արցախին բարձրացնում են կախաղան, և այդ Հակարիի կամրջի, այսպես կոչված, անցակետը, որը ոչ այլ ինչ է, քան այդ կախաղանի քողի մի հատվածը, որը պետք է ամրացվի, բնական է՝ այս գործընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Եվ այդ կամրջի վրա տեղակայված անցակետը ոչ այլ ինչ է լինելու, քան առևանգման, հոշոտման, բռնությունների, ձերբակալությունների, սպանությունների կետ»։

Խոսելով միջազգային հանրության արձագանքից և գործուն քայլերի բացակայությունից՝ Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ  Ադրբեջանը լրիվությամբ ազատ է իրականացնելու իր ցեղասպանական քաղաքականությունը․ «Մենք պրակտիկորեն տեսնում ենք դա, որևէ մեկը գործուն քայլեր չի ձեռնարկում այդ ցեղասպան քաղաքականությունը սանձահարելու ուղղությամբ»,-նշեց Բաբայանը։

ԱՀ նախագահի խորհրդականը կարևորեց այն իրողությունը, որ պատասխաններ ունեն տալու բոլորը՝ Հայաստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, հավաքական Արևմուտքը։ Արցախն իր իրավունքը վաստակել է վաղուց, հատկապես այս պայմաններում և պետք է կանգնի և բացեիբաց խոսի Ռուսաստանի հետ, ում անվտանգության գործում դարեր շարունակ մեծ ներդրում ունի և «շատ քիչ երկրներ կան, որ այդքան մեծ ներդրում ունեն Ռուսաստանի անվտանգության գործում՝ առանց շահի, առանց փողի, իրավունք ունենք պահանջենք և ասենք՝ խնդրում ենք ձեր դիրքորոշումը կայացրեք շիտակ և ուղիղ ձևով։ Մենք պորտաբույծ չենք եղել ոչ մեկի համար, այդ թվում նաև Հայոց պետականության, և միշտ էլ եղել է Արցախը առաջամարտիկ և հայոց զարգացման, և փրկության և ամեն ինչի գործում, նույնը նաև Ռուսաստանի, նույնը նաև Արևմուտքին կարող ենք դիմել․ դուք  ժողովրդավարության կղզիակ եք էս տոտալիտար օվկիանոսում, օրինակ նման բնութագրում ԱՄՆ որոշ ներկայացուցիչներ, Ֆրանսիայի ներկայացուցիչներ տալիս են Թայվանի վերաբերյալ, ուրեմն իրենց կարելի է, մեզ չէ՞։ Մենք էլ ենք չէ՞ պայքարել տոտալիտարիզմի դեմ։ Թող բոլորը կանգնեն և ասեն՝ սխալ եք արել, ղալաթ եք արել, որ պայքարել եք տոտալիտարիզմի դեմ, որ հավատացել եք այդ ժողովրդավարությանը, կյանքն ուրիշ է։ Մենք պիտի հասկանանք․ շատ պարզ, հստակ, թող կոշտ, երկխոսություն պետք է իրականացնենք 3 ուղղությամբ՝ Երևան, Մոսկվա, Արևմուտք։ Դրանից հետո  տեսնենք, թե Արցախը մայր ունի, ընկերներ ունի՞ ընդհանրապես, թե որբ է»։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում