Մեր աչքի առաջ ամեն օր Երևան-Սևան ճանապարհից անհետանում են սարեր, բլուրներ, ինչո՞ւ․ Գեղամ Նազարյան

«Մեր աչքի առաջ ամեն օր Երևան-Սևան ճանապարհից անհետանում են սարեր, բլուրներ՝  բառի բուն իմաստով, ամբողջ լանդշաֆտ է փոխվում»,-  այսօր Ազգային ժողովում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Ինչո՞ւ են Երևան-Սևան ավտոմայրուղու հարակից բլուրներն ու սարերը, բառիս բուն իմաստով, անհետանում»,- շրջակա միջավայրի փոխնախարար Հակոբ Սիմիդյանին հարց ուղղեց պատգամավորը։

«Դարեր շարունակ այդ բլուրները, սարերը եղել են և հանկարծ մեծ արագությամբ անհետանում են։ Երևանը փոշու մեջ է։ Մեր բնակիչերը միամտաբար կարծում են, որ շինարարության ծավալների հետ է կապված փոշին։ Իրականում Երևան մտնող քամու հիմնական ուղղությունը հյուսիսային է և ավազի բաց հանքերից ավազը բերում և Երևանի վրա է թափում։
Այս հարցերի մասին կառավարությունը մտածո՞ւմ է, թե նորմալ է վերցնել ու սարերը վերացնել։
Վաղը, մյուս օր, որ տեխնիկան թույլ տա, կարող են անցնել Արագած սարին քարերը, բազալտը, գրանիտը հանել։ Նորմա՞լ է, թույլատրելիության սահմաններո՞ւմ է, ինչ-որ մեկը փորձաքննություն արե՞լ է, պարզե՞լ է»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Հակոբ Սիմիդյանը պատասխանեց, թե՝ կառավարությունը հարցով մտահոգված է։ Օրենքի փոփոխություններն էլ հենց այդ նպատակով են նախաձեռնված, որ ՇՄՆ-ին առավել լայն գործելու հնարավորություն տան։

Նոր մշակված օրենքը ենթադրում է նաև հողօգտագործման ռեկուլտիվացիայի փուլը, այսինքն` աշխատանքներ, որոնք ուղղված են խախտված տարածքների վերականգնմանն ու հողային տարածքների՝ անվնաս վիճակի բերմանը։