«Զանգեզուրի միջանցք» կոչվածն ընդհանրապես չի կարող քննարկվել․ Եղոյան

«Զանգեզուրի միջանցք» կոչվածն ընդհանրապես չի կարող քննարկվել: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

«Հայաստանը երբեք նման քննարկումների մեջ չի եղել, երբեք համաձայնություն չի տվել իր տարածքից մետր անգամ այլ պետության զիջելուն, իսկ իրենց ասած «Զանգեզուրի միջանցքը»  դուք գիտեք, թե ինչ կարգավիճակով են իրենք ուզում՝ էքստրատերիտորիալ: Հիմա ես չգիտեմ՝ էլի ուզում են, թե չեն ուզում, բայց նման էքստրատերիտորիալ  միջանցք Հայաստանի տարածքից չի կարող տրվել այլ պետության»,-ասաց նա:

Հարցին՝ Հայաստանը պատրա՞ստ է որևէ փաստաթուղթ ստորագրել, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, Եղոյանը պատասխանեց. «Դա էլ է քննարկման առարկա, դա ամենակարևոր կետերից մեկն է: Հայաստանի պահանջներից մեկը դա է, ուղղակի ուզում եմ ժամանակից առաջ չընկնենք: Բանակցությունների ժամանակ ամեն մեկը ներկայացնում է իր պայմանները»:

Նրա խոսքով, փաստը, որ բանակցություններ են տեղի ունենում Վաշինգտոնում, կամ տեղի ունենային Մոսկվայում, ենթադրում է որոշակի երաշխիքների համակարգ. «Մենք կարծում ենք, որ առանց  միջազգային ամուր երաշխիքների համակարգի՝ որևէ պայմանագիր չի կարող գործել: Նույնիսկ երաշխիքների պարագայում, մենք տեսնում ենք, որ աշխարհում խնդիրներ են լինում, բայց դա նվազագույն շեմն է, որ պետք է ապահովենք: Առանց դրա՝ պայմանագիրը չի աշխատի»:

Եղոյանը պնդեց, որ միջազգային դերակատարների կողմից արվող հայտարարություններից կարելի է հասկանալ, որ նրանց հռետորաբանությունը էականորեն փոխվել է հօգուտ Հայաստանի, ավելի հասցեական ու առարկայական է դարձել: