Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցությունն ակտիվացնելու հարցը

Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները ուրբաթ օրը հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև ռազմական և պաշտպանական համագործակցության ակտիվացման հարցը, հայտնում է ԻՌՆԱ-ն։

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին ուրբաթ օրը Ղազախստանում հանդիպել և բանակցություններ է վարել չինացի գործընկեր Դուն Ցզյունի հետ։

Բարձր գնահատելով Չինաստանի դիրքորոշումը տարածաշրջանային վերջին զարգացումների նկատմամբ, հատկապես երկրի կողմից՝  ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման դատապարտումը, Աշտիանին ընդգծել է, որ տարածաշրջանային վերջին շրջանի լարվածությունն ու Գազայում ողբալի պայմանները «տարածաշրջանում ԱՄՆ-ի ապակայունացնող գործողությունների և երեխաների սպանող սիոնիստական ռեժիմին Վաշինգտոնի աջակցության արդյունքն են»։

Իրանի պաշտպանության նախարարը նաև կոչ է արել ընդլայնել համագործակցությունն ու մերձեցումը Իրանի և Չինաստանի միջև՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների լուծման համար:

Չինաստանի պաշտպանության նախարարն իր հերթին անդրադարձել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա իսրայելական հարձակմանը և ասել, որ Իսրայելի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, և Չինաստանն աջակցում է Իսրայելի հարձակմանը պատասխանելու Իրանի օրինական իրավունքին։

Կողմերը նաև ընդգծել են Թեհրանի և Պեկինի միջև պաշտպանական և ռազմական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը և կոչ են արել հրադադար հաստատել Գազայի հատվածում։

Նախարարներն այցով Աստանայում են՝ ՇՀԿ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով։