Ալիևը սահմանային անցակետի ստեղծումն անվանել է Ադրբեջանի ինքնիշխան իրավունք

Հայաստանի հետ սահմանին անցակետի ստեղծումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հինգշաբթի ընդունելով Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննային։

Ալիևը նշել է, որ ադրբեջանա-հայկական սահմանին՝ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում սահմանային անցակետի ստեղծումը իր երկրի ինքնիշխան իրավունքն է և նրա տարածքային ամբողջականության ապահովման արտահայտությունը։

Ալիևը կրկին Հայաստանին մեղադրել է 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունները չկատարելու մեջ։ Այս առնչությամբ նա ընդգծել է, որ Հայաստանը «թույլ չի տալիս Նախիջևանի հետ միջանցք ստեղծել, իր զորքերը դուրս չի բերում Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, և Լաչինի միջանցքը օգտագործել է Ղարաբաղ զենք, զինամթերք և ռազմական նշանակության այլ միջոցներ տեղափոխելու համար»։

Իր հերթին, ֆրանսիացի նախարարը նշել է, որ իր երկիրը «ցանկանում է խաղաղություն, տնտեսական և սոցիալական զարգացում Ադրբեջանում և ամբողջ Հարավային Կովկասում»: