Խաղաղությանը, ներդաշնակությանը, տրամաբանությանը փոխարինեցին պատերազմը, պարտությունը, նվաստացումը․ տղա եք՝ դիմացեք

21.09.2020 թվականին Նիկոլ Փաշինյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի շենքում՝ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում, ներկայացրեց Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թ. ռազմավարությունը։

Իհարկե, ինչպես կարգն է, ողջույնի խոսքից հետո Փաշինյանը պետք է առաջինը հիշեր՝ իր համար «մղձավանջ» դարձած նախկիններին և նրա շուրթերից ամենաշատ ցիտված թիվը` 30։

«Նախ, ինչո՞ւ է անհրաժեշտ ունենալ այսպիսի ռազմավարություն: Ես այս հարցին կփորձեմ պատասխանել այսօրվա տեսակետից, և եկեք այսօրվա իրականությանը նայենք 30 տարի առաջվա աչքերով։ Արդյոք մենք այն ժամանակ մեր մտապատկերում կամ մեր օրակարգում ձևավորե՞լ ենք, ձևակերպե՞լ ենք միտք, թե ինչպիսին ենք մենք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականին: Ցավոք, պիտի արձանագրեմ, որ մեր իրականության մեջ, առնվազն պետական մակարդակում, առնվազն 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եղել, և սա գուցե նաև պայմանավորում է մեր այսօրվա բազմաթիվ խնդիրները»,-հարցրեց և իր հարցին պատասխանեց Փաշինյանը։

Պիտի հիասթափեցնեմ Փաշինյանին, այո՛, պատկերացրել ենք, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանը 2020 թվականին, պետք է լինի՝ խաղաղ, անվտանգ, ունենա հզոր բանակ, ինչպես եղել է 30 (գերագույն գլխավորի սիրած թիվն է դարձել) տարի շարունակ, մնա հաղթանակած՝ ոչ թե կզած, քաղաքացիներն ապրեն արժանապատիվ, թշնամու տեսքով հարևան պետությունները  հաշվի նստեն, հարգեն ՀՀ քաղաքացիներին,  առավել ևս նրա ղեկավարին, ոչ թե ՀՀ ղեկավարի դիմանկարը փակցնեն երաժշտական գործիքի վրա ու թմբկահարեն ի տես ողջ աշխարհի։

Իրական հայի մտապատկերում երբեք ու երբեք չի եղել այն, որ ինչ-որ մեկը Արցախը՝ որպես «փեշքեշ» կարող է տալ թշնամուն, պատերազմում հերոսաբար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների դիակները պլյուս-մինուս անի՝ պղծելով նրանց հիշատակը։ Հետաքրքիրն այն է, որ վերոնշյալ իրողությունները տեղի են ունեցել հենց Փաշինյանի կողմից մատնանշված՝ 2020 թվականին, երբ մի ողջ ազգի ազգային գաղափարախոսության հենասյուները փլատակի վերածվեցին։

Երբ 17.11.2016 թթՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց  տվեց «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին` Sputnik Արմենիայի համար և երբ նրան հարցազրուցավարը ազգային գաղափարախոսության վերաբերյալ հարց  հնչեցրեց, նախագահը պատասխանեց

«Ինչում է ազգային գաղափարը: Ազգային գաղափարն ուժեղ, ամուր պետություն դառնալն է, խնդիրներ չունենալը Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ես երազում եմ այն օրվա մասին, երբ Ղարաբաղը կլինի կամ Հայաստանի կազմում, կամ՝ անկախ պետություն։ Երիտասարդները տուն կվերադառնան։ Եվ մենք ամեն օր չենք մտածի, թե ինչպես մեղմացնենք զոհված տղաների ծնողների ցավը»։

Տարբերությունն ակնհայտ է չէ՞, որ ոչ միայն պետք է գեղեցիկ բառեր շարել կողք կողքի, այլև դրանք իրականություն դարձնել, ավելի շատ գործել, քան խոսել։

2050 թ. ռազմավարության տեսանկյունից Փաշինյանը առանձնացրել էր 4 առաջնորդող արժեքներ՝

1.Հայոց պետականությունՊետականությունն է միակ գործիքը, որ մեզ հնարավորություն է տալիս կայացնել որոշումներ մեր ճակատագրի վերաբերյալ։ Մենք պետականությունն ընկալում ենք որպես առանցքային արժեք, և շատ կարևոր է արձանագրել, որ հայոց պետականության հավիտենականությունն է այն գործնական խնդիրը, որը մենք պետք է լուծենք։

 Պետականությո՞ւն, չէ, լո՞ւրջ, դա ի՞նչ է։ Բա եթե հայոց պետականության հավիտենականությունն է այն գործնական խնդիրը, որը դուք պետք է լուծեիք, ինչո՞ւ հօգուտ ՀՀ-ի չի լուծվում այդ «խնդիրը» կամ հօգուտ ո՞ւմ եք լուծելու այդ «խնդիրը», այսօր ՀՀ պետականությունը ինչո՞ւ է հայտնվել զոհասեղանին, առհասարակ, դուք ինչպե՞ս եք լուծում «խնդիրները»՝ դրանից ազատվելո՞վ։ 

2. ԿրթությունԿրթությունն է այն միակ գործիքը, անկյունաքարը, որով կկարողանանք ճանաչել մեր պրոբլեմները և գտնել դրանց լուծումները։ 

Կրթված հասարակությունը հզոր պետության գրավականն է, եթե ուզում ես ունենալ կրթված հասարակություն, ապա առաջին հերթին պետք է իմանաս՝ ով ես դու, որտեղից ես եկել և ուր ես գնում, այսինքն պետք է իմանալ սեփական պատմությունը, բայց գործող վարչախմբի պատկերացմամբ՝ կրթված հասարակություն ունենալու համար պետք է խեղաթյուրել պատմությունը, հայագիտական առարկաները դպրոցական դասացանկից հանել (հայ եկեղեցու պատմությունը վառ օրինակ), հայրենասիրությունը, ազգային արժեքներ գնահատելը համարել հետամնացություն ահա սա է նրանց պատկերացումը կրթության վերաբերյալ, և սա ես չեմ ասում՝ նրանք են իրենց քայլերով ու գործողություններով դա ապացուցել։

3. ԱնհատԱնհատն է միակ սուբյեկտը, որը ձևավորում է ընտանիք, որը մենք համարում ենք ազգային արժեք, որը ձևավորում է հանրություն, ժողովուրդ և պետություն։ Իմիջիայլոց, ես անհատական ջանքի արձանագրումը համարում եմ այսօր տիրապետող գաղափար Հայաստանում։ 

Երրորդ կետի պարագայում նախընտրում եմ նկարներով հիշեցնել՝ ինչպես է գնահատվում ընտանիքը և անհատը։ 

1․Գունավորներին մեծ արտոնություններ տալով՝ «գնահատվում է ընտանիքը»

2․Եռաբլուրում որդեկորույս ծնողներին իրենց զավակների շիրիմների մոտ գետնին տապալելով՝ «գնահատվում է անհատը»՝ որպես «շնորհակալության» նշան

4. ԱշխատանքԱշխատանքն է միակ գործիքը, որը հնարավորություն է տալիս իրացնել կուտակված ստեղծարար ներուժը։ Կառավարությունը պետք է կարողանա վարել այնպիսի քաղաքականություն, որպեսզի կրթության, անհատական ազատությունների և զարգացման միջոցով մարդն ունենա աշխատանքով իր ստեղծարար ներուժն իրացնելու հնարավորություն։ 

Աշխատանքի մասով էլ ինչ ասեմ ով պետք է՝ աշխատանք ունի, պարգևավճարներն էլ կա ու կա, մնացածը կարևոր չեն։ 

Գործող իշխանությունը մի կարևոր նպատակ էլ ուներ

«Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2,5 միլիոն մարդու զբաղվածությունը և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի»:

Ուշադիր եղեք առաջին պարբերությանը, ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, այսինքն կապ չունի այդ մարդիկ ինչ ազգություն ունեն, կարևորը ՀՀ բնակչությունը ավելանա, եթե այդ տրամաբանությամբ նայենք, իհարկե, 5 էլ, 15 էլ, կհասնի Հայաստանի բնակչությունը, բայց դա կլինի հայերով բնակեցված, թե առանց հայերի՝ նշանակություն չունի, այսպիսով իրականություն կդառնա մեր վաղեմի թշնամիների իղձը՝ Հայաստանն առանց հայերի։

Իհարկե, այս նոտայի վրա իմ ասելիքը չի ավարտվի, փորձում եմ գործող վարչախմբի հետ կապված որևէ դրական իրադարձություն վերհիշել, բայց մտքերը տանում են դեպի «մերժված նախկիններ», որոնց դագաղներով հեռացնում էին իշխանությունից։

Երբ ՀՀ երրորդ նախագահը հրաժարական տվեց, նա մեր երկրին մաղթեց խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն, այսօր խաղաղությունը՝ անիրականանալի երազանք է դարձել, ներդաշնակությունը՝ վերածվել ներքին պայքարի, տրամաբանություն վաղուց չկա, իսկ «մերժված» Սերժ Սարգսյանը շարունակում է լինել իր Հայրենիքի և հայրենակիցների կողքին, ովքեր նրան դագաղներով հեռացրին իշխանությունից։

Խաղաղությանը, ներդաշնակությանը, տրամաբնությանը փոխարինեցին պատերազմը, պարտությունը, նվաստացումը տղա եք՝ դիմացեք։

Լուսինե Այրապետյան