Փաշինյանի հայրենասիրության մոդելով ադրբեջանցիներն առանց որևէ խնդրի մոտենում են Ստեփանակերտին, Սևանին, Երևանին

«Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից»։

Գարեգին Նժդեհ

2018-ին հայրենասիրության, մարդասիրության, բարգավաճ և երանելի, բարեկեցիկ և ազատ կյանքի կեղծ կոչերով, իսկ արդեն 2019 թ․ օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության վերածննդի հրապարակում «Արցախը Հայաստան է և վերջ» (https://www.primeminister.am/hy/press-release/item/2019/08/05/Rally/) կարգախոսով աթոռ և հնարավորություն ստացած անձը, որը, ավաղ միջազգային հարթակներում, այդ թվում նաև Արցախի հարցով բանակցություններում ի պաշտոնե ներկայացնում է Հայաստանը, ապրիլի 18-ին ԱԺ ամբիոնից հերթական անգամ փայլեց իր բացառիկ տեսակով․ նա շռայլեց հերթական մանիպուլյացիան, սուտն ու կեղծիքը և հերթական անգամ հող նախապատրաստեց սեփական ազգակործան քայլերի համար։ 1 ժամ տևած նրա ելույթի և 4 ժամից ավելի ընթացող հարցուպատասխանի ընթացքում հնչեցրած «մտքի գոհարներին» շատերն անդրադարձան և հակադարձեցին ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ նրա մտքերի խառնարանում տարբեր ժամանակահատվածներում հնչեցրած դիրքորոշումներին։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ՀՀ ԱԺ ամբիոնից գուժեց նոր վտանգների և 2-րդ կապիտուլիացիայի ստորագրման մասին, երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց նա, կարծես, ավելի հեռուն գնաց՝ փորձելով աղտոտել հայի հայրենասիրությունը, պատմությունն ու արժանապատվությունը։

Խոսենք փաստերով

Մեկ ժամ տևած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը առանձնահատուկ շեշտադրում արեց և կարևորեց «հայրենասիրության» մոդելը՝ որակելով այն համահեղինակված մոդել, որի միայն սպառողն է հանդիսանում հայ ժողովուրդը․/ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2023/04/18/Nikol-Pashinyan-Speech/

«Օրինակ՝ հայրենասիրության մեր մոդելի խնդիրը: Այս թեմայով մի քանի անգամ խոսել եմ և՛ հրապարակային, և՛ աշխատանքային մակարդակում և ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել մի լրջագույն պրոբլեմ. Հայաստանի Հանրապետությունը և/կամ հայկական պետականությունը հայրենասիրության մեր ավանդական մոդելի առաջնային օբյեկտ չի եղել երբեք, և սոցիալ-հոգեբանական մակարդակում այս իրավիճակը պահպանվում է նաև այսօր: Իսկ պատճառը մեկն է. հայրենասիրության այդ մոդելի հեղինակը մենք ինքներս չենք, և ժամանակն է սա խոստովանել: Մենք առավելագույնը համահեղինակ ենք, իսկ առավել մեծ հավանականությամբ՝ սպառող:

Եվ ուրեմն, այն, ինչ ասացի, իրականում հայրենասիրության մեր սեփական, ավելի ճիշտ՝ մեր պետական մոդելի ստեղծման անհրաժեշտության օրակարգին է վերաբերում: Եվ ես արձանագրում եմ, որ օրակարգում նման հարց կա, և այդ հարցի լուծումը կենսական անհրաժեշտություն է, ազգային անվտանգության հարց»:

Արագածի նկարի բացակայությունը մեր տներում պրոբլեմ անվանող Նիկոլ Փաշինյանը՝ «Ես չեմ լսել, որ որևէ մեկը մեզնից սեր արտահայտի Արագածի նկատմամբ, և դա ինձ համար պրոբլեմ է»,  ըստ էության կեղծ կատեգորիա է որակում հայի հայրենասիրությունը և սեփական հայրենասիրության մոդելն առաջարկում, որը փաստացի համապատասխանում է «խաղաղության պայմանագրի ստորագրման» Ադրբեջանի նախապայմաններին, այն է՝ Հայոց Ցեղասպանության մոռացում և ուրացում․

«Մենք Թուրքիա փրկարարական ջոկատ և հումանիտար օգնություն ուղարկելու որոշում չէինք կայացնի, եթե չփոխեինք պատմությունն ու դրանից բխող խնդիրներն ընկալելու մեր դիտանկյունը այս ժամանակահատվածում, եթե մնայինք հայրենասիրության վերը հիշատակված մոդելի մեջ․․․ Եվ արտգործնախարար Միրզոյանի՝ Անկարա կատարած այցի շրջանակում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության դիմաց ծածանվող Հայաստանի Հանրապետության տասնյակ դրոշները միայն արարողակարգային ատրիբուտ չեն, այլ մի զարմանալի արձանագրում, որ հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը»:

Ինչպես կասեր դասականը՝ իյա, իրո՞ք ․․․

Որտե՞ղ է ստում Փաշինյանը

Փաշինյանի թիմակից և այսօր ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2019-2020 թթ․պարբերաբար լուսանկարներ էին տեղադրում իրենց ֆեյսբուքյան էջերում՝ Ակնան իրենց հայրենիքը համարելով․ «Բերքառատ Արցախ։ Ակնան (Աղդամն) իմ հայրենիքն է» խորագրով։

Ակնան իրենց հայրենիքը համարող թիմը այդ նույն Ակնան 2020-ի 44-օրյա պատերազմից հետո առանց որևէ կրակոցի հանգիստ հանձնեց թշնամուն, և հետագայում՝ 2022 թ․ մայիսին լրագրողի հարցին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ «․․․համեմատել մինչպատերազմյան իրավիճակը պատերազմից հետո վիճակի հետ, ֆեյսբուքյան տրամաբանության մեջ ասել էսինչ ժամանակ սա ես ասել… Գիտեք ինչ` ամեն ժամանակ, ամեն իրավիճակ քաղաքականություն է, և աշխարհում իրավիճակ է փոխվում»։ Նա նաև հաստատեց, որ այդ լուսանկարները պարզապես Սերժ Սարգսյանին քննադատալու համար են արվել։

«Այո, Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում, հատկապես, վերջում, փորձել է հանրությանն էդ միտքն ասել, որ բանակցել են էն բանի մասին, որ այլևս չեն կարողանում Արցախը բանակցային առումով դուրս բերեն»:

Իսկ ի՞նչ էր ասել Սերժ Սարգսյանը և ինչո՞ւ

Այն ժամանակ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը 2001 թ․ Ազգային ժողովի ամբիոնից ԼՂ հակամարտության վերաբերյալ լսումների ընթացքում նշել է, որ ինքը փոխզիջումների անհրաժեշտության մասին խոսում է 90-ական թվականներից։

Սարգսյանն ընդգծել էր, որ անվտանգության գոտու ստեղծումը երբեք նպատակ չի հետապնդել ավելացնել Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը. «Ընդհանրապես, ցանկացած երկրի, այդ թվում և մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում»։

Սարգսյանն ընդգծել էր, որ չի կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ հայերն Աղդամն ազատագրել են. «Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: Դրա մասին մենք հայտարարել ենք 1992 թ., 94 թ., հայտարարում եմ հիմա: Միգուցե իմ հայտարարությունը դիվանագիտական չէ, բայց սա է: Հարցին չի կարելի միակողմանի մոտենալ և ամեն քայլափոխի ասել, որ մենք ազատագրել ենք, Աղդամը մերն է, Միրբաշիրը մերն է»,,- նշել էր Սերժ Սարգսյանը:

Հետագայում՝ 2021 թ․, Բի-Բի-Սի-ին տված հարցազրույցում Սարգսյանը ևս մեկ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը․  / https://www.bbc.com/russian/features-57598041 /

Վերոնշյալ հարցազրույցից ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանն առաջնորդվելով հային հարիր հայրենասիրությամբ, բանակցային ողջ ընթացքը տարել է այն հունով, որ հայկական կողմը պարտավորվում էր Ադրբեջանին վերադարձնել Հայրենիքի անվտանգությունը ապահովող հինգ շրջանները՝ առանց կոնկրետ ժամկետի հանրաքվեի համաձայնության դիմաց, իսկ հետո մնացած երկու շրջանների վերադարձ՝ հանրաքվե անցկացնելու և տեղակայելու դիմաց, իհարկե բացառությամբ Հայաստանի հետ ցամաքային սահմանն ապահովող միջանցքի։

«Ադրբեջանցիները, իհարկե, պետք է ընդունեին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման միջոցով, որը, անշուշտ, պետք է իրավական ուժ ունենա, և որի օրակարգը ոչնչով սահմանափակված չէ։ Առանց ազատ արտահայտման օրը նշելու, սա կլիներ մեր նվազագույն շեմը»,-նշել է Սերժ Սարգսյանը Բի-Բի-Սի-ին տված հարցազրույցում։

Ո՞րն է Փաշինյանի հայրենասիրության մոդելը

Փաստորեն, եթե նախկինում, երբ նոր էին եկել իշխանության, ձեռնտու էր հայրենասիրություն խաղալը ավանդական մոդելով, ապա աշխարհում իրավիճակ է փոխվում և փաշինյանականները քաղաքականություն են խաղում՝ հայրենասիրության նոր մոդել առաջարկելով․

Ամփոփման փոխարեն

2017 մարտի 30-ին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ասուլիսում քննադատում էր գործող իշխանություններին բանակցություններում իբր զիջումների գնալու համար․ «Զիջում բառը փոխակերպվել է փոխզիջման, այսինքն՝ էն, ինչ իրականում զիջում է, անունը սկսել են դնել փոխզիջում, իսկ ինչ է զիջում Ադրբեջանը՝ որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, երբ որ Ադրբեջանն ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ ինչ են անելու, էս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին»։ (Հիշեցման կարգով՝ 2016 թ․ հոկտեմբերին Ալիևը դժգոհում էր միջազգային հանրության վերաբերմունքից՝ «Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։ Ահա թե ինչ էր զիջում Ադրբեջանը)։

2023 թ․ հունիսի 10-ին արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարում է՝ «Ես պատրաստ եմ եղել զիջման, այլ բան, որ էդ զիջման սահմանը չեմ տեսել՝ մինչև ուր պետք ա զիջեմ, որ ամեն ինչ ավարտվի»։

Նիկոլ Փաշինյան, ստում եք։ Համաձայն ձեր հայրենասիրության մասին մոդելի՝ ձեր զիջումներն ավարտվելու են ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնելով Ստեփանակերտին, Սևանին, Երևանին, ինչի մասին խոստովանում էիք դեռևս 2017-ին։

Ժաննա Ծառուկյան