ՀԱՊԿ-ի օգնությունից հրաժարվում են՝ Հայաստանում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու նպատակով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն է։

Վաշինգտոնը պաշտոնական Երևանին պարտադրում է միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Օրերս էլ պաշտոնական այցով Երևանում էր ԱՄՆ առևտրի նախարարի օգնականը և ըստ տեղեկությունների՝ քննարկման օրակարգը հենց դա է եղել։ Բացի դրանից, Հայաստան տարատեսակ այցելություններով նաև ամերիկյան բարձրաստիճան զինվորականներ են գալիս, որոնք, ըստ փորձագետի, հանձնարարականներ են տալիս ՀՀ իշխանություններին հենց այդ համատեքստում։ «Կարելի է ասել, որ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները տարվել են 2019 թվականից, երբ սկսվեց այսպես կոչված հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը։ ԱՄՆ-ի հետ ի՞նչ ռազմավարական երկխոսություն կարող է լինել։ ԱՄՆ-ի հետ կարող է շփումը լինել միայն որպես տիրոջ և ծառայի միջև։ Հիմնականում այն երկրները, որոնց Արևմուտքը, տվյալ դեպքում ԱՄՆ-ը օգտագործում է Ռուսաստանի դեմ, որպես կանոն զոհաբերվում են»,- ասաց Հայկ Այվազյանը՝ հավելելով, որ Հայաստանին Արևմուտքը դաշնակից չի համարում, պատրաստ չէ որևէ ոլորտում դիտել որպես հավասարը հավասարի, ինչպես դիտում է եվրոպական երկրներին, մյուս կողմից էլ ասում է՝ միացեք իմ թշնամու դեմ իմ գործողություններին։

Հայկ Այվազյանը հավաստեց, որ Արևմուտքը մեր տարածաշրջանում ցանկանում է բախումներ, պատերազմ հրահրել՝ ի հակառակ խաղաղության, կայունության վերաբերյալ իր հայտարարությունների։ Այդ հայտարարությունները փուչիկ են։ Երբ նրանք խոսում են կայունության, խաղաղության մասին, պետք է զգոն լինել, քանի որ դա նշանակում է Արևմուտքը պատրաստվում է պայթեցնել տվյալ տարածաշրջանը։

Անդրադառնալով պատժամիջոցներին, Հայկ Այվազյանն ասաց, որ Հայաստանի կողմից կիրառվող պատժամիջոցները էական վնաս չեն հասցնի Ռուսաստանին, ՌԴ-ն մեզանից կախվածություն չունի, այդ Հայաստանն է զգալիորեն կախված Ռուսաստանից բոլոր առումներով՝ անվտանգային, տնտեսական․․․ Նման քայլերով Արևմուտքը փորձում է սադրել Ռուսաստանին՝ պատասխան քայլերի դիմելու, որի հիման վրա ՀՀ իշխանությունները կարագացնեն Ռուսաստանի հետ կապերը խզելու գործընթացը։

Հյուրը խոսեց Տեղ գյուղում սադրանքի մասին՝ ասելով, որ այն ևս Արևմուտքն էր հրահրել և միայն ռուսական սահմանապահ ուժերի միջամտությամբ է հնարավոր եղել կանխել ավելի լայնածավալ ռազմական գործողությունները, ինչի մասին հայտնել էր նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Հայկ Այվազյանը ներկայացրեց, թե ինչ նպատակով է Հայաստանը ցանկանում վավերացնել միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, արդյո՞ք այն արդյունավետ գործիք է ռազմական հանցագործություններ կատարած Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում