Պուտինն առաջին անգամ այցելել է Խերսոնի մարզ և ԼԺՀ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է «Դնեպր» զորախմբի շտաբ Խերսոնի ուղղությամբ, տեղեկացրել են Կրեմլում։ Սա Պուտինի առաջին ուղևորությունն է Խերսոնի մարզ։

«Նախագահը լսել է Օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Միխայիլ Տեպլինսկու, «Դնեպր» զորախմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Մակարևիչի և այլ զորահրամանատարների զեկույցները»,- նշվել է Կրեմլի կայքում։

Պուտինը խնդրել է զեկուցել իրավիճակի մասին Խերսոնի և Զապորոժիեի ուղղություններում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Նախագահը նաև նշել է, որ Օդադեսանտային ուժերի հրամանատար Միխայիլ Տեպլինսկին երկար ժամանակ է եղել առաջնագծում և հանգամանալի զեկույց է պատրաստել՝ խնդրելով նրան «հայտնել իր նկատառումները»։

«Չեմ ուզում շեղել ձեզ ձեր ուղիղ պարտականություններից՝ կապված զորքերի կառավարման հետ, ուստի այստեղ աշխատում ենք գործնական, կարճ, բայց կոնկրետ,- ասել է պետության ղեկավարը՝ «Դնեպր» խմբավորման շտաբում բացելով նիստը։- Ինձ համար կարևոր է լսել ձեր կարծիքն այն մասին, թե ինչպիսին է իրադրությունը, լսել ձեզ, տեղեկատվություն փոխանակել»։

Այնուհետև Պուտինն այցել է «Վոստոկ» ազգային գվարդիայի շտաբ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում, դա նաև նրա առաջին այցն է ԼԺՀ։

«Վլադիմիր Պուտինն այցելել է «Վոստոկ» ազգային գվարդիայի շտաբ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում, որտեղ ընդունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինի, այլ բարձրաստիճան սպաների զեկույցներն այդ ուղղության իրադրության մասին»,- տեղեկացրել է նախագահի մամուլի ծառայությունը։

Երկու այցերի ավարտին Պուտինը շնորհավորել է զինծառայողների Զատիկը և նրանց սրբապատկերների պատճեններ նվիրել։

Հիշեցնենք, որ Պուտինը մարտի 19-ին այցելել էր Մարիուպոլ՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն։