ՀՀ քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների` երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը․ Փաշինյան

Ապագայի որևէ նախագիծ հնարավոր չէ իրականացնել առանց լավատեսության բավարար պաշարի: Առանցքային հարցը հետևյալն է՝ փոթորկալից այս ժամանակներում կա՞ արդյոք  ՀՀ-ում լավատեսության անհրաժեշտ պաշար ապագայի մասին ոչ միայն խոսելու, նախագծելու,  այլև այդ ապագան կառուցելու և  իրագործելու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ պատասխանը միանշանակ է և աներկբա՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների՝ ՀՀ-ում ապագայի մասին խոսելու, ապագան պլանավորելու  և այդ ապագան կառուցելու համար անհրաժեշտ լավատեսություն կա, և ես վստահ եմ դրանում:

Լրահոսը, հանրային քննարկումները նման վստահություն չեն տալիս, միջազգային իրադրություն առավելևս նման վստահություն չի հաղորդում, բայց հենց այս պահին ՀՀ-ում տեղի է ունենում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց: Սա Հայաստանի բնակարանային երբևէ ստեղծված ֆոնդի շուրջ 6 տոկոսն է, բազմաբնակարան շենքերում բնակելի ֆոնդի 12,6 տոկոսը: Երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք բնակարանաշինությունն այսպիսի ծավալ չի ունեցել: Այսօր բնակարաններ են ձեռք բերում ոչ միայն հարուստները, այլև միջին խավը, որը կառավարության վարած տնտեսական քաղաքականության բերումով աշխատելու, արարելու և իր աշխատանքի արդյունքը տեսնելու հնարավորություն է ստացել»,-ասաց վարչապետը:

«Սահմանային անկայունության, ՀՀ անվտանգային խոցելիության, աշխարհակարգի փլուզման պայմաններում ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ բնակարան են ձեռք բերում, հազարավոր ներդրողներ բնակարան են կառուցում: Ինչու են նրանք այդպես վարվում: Իմ գնահատմամբ, դա նշանակում է և կարող է նշանակել մեկ բան՝ մարդիկ հավատացել են կառավարության  խաղաղության օրակարգին, հավատում են, որ խաղաղություն լինելու է և իրենք իրենց հայրենիքում երջանիկ ապրելու և արարելու  հնարավորություն են ունենալու, այլապես իմաստ չէր ունենա  բնակարան ձեռք բերել կամ կառուցել: Մարդիկ հավատում են կառավարության «ապագա կա» կարգախոսին»:

Փաշինյանն ընդգծեց, որ կառավարության պատասխանատվությունը ունի միայն մեկ արտահայտություն, դա խաղաղությունն է, ինչը նշանակում է կարգավորված հարաբերություններ ունենալ 4 հարևանների հետ։  Ու քանի որ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների ոչ թե կարգավորման, այլ խորացման խնդիր ունենք, ուրեմն` խաղաղություն նշանակում է կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Հարցերի հարցը հետևյալն է՝ իսկ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ է իրագործելի: Այս հարցն ունի երկու երես. Առաջինը, որքանով Ադրբեջանի գործողությունները կլինեն խաղաղությանը միտված։ Եվ երկրորդ, հատկապես 44-օրյա պատերազմից հետո եթե քաղաքական-դիվանագիտական մակարդակում կոմպրոմիսներ ձեռք բերվեն, դրանք որքանո՞վ ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների` երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը։

Սա նույնպես մեր պատասխանատվությունն է, և մենք պետք է մեր մտքերի և գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք ՀՀ քաղաքացիներին, իսկ երբ հասկանան, նրանք դա նաև կընդունեն»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ երբ տուն առ տուն, գյուղ առ գյուղ, թաղամաս առ թաղամաս, քաղաք առ քաղաք մարդկանց բացատրեն, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում մեր երկրի շուրջ, նրանք իրենց կհասկանան. «Նրանք մեզ հասկանում են, հակառակ դեպքում մենք այստեղ չէինք լինի»:

Փաշինյանի խոսքով` խաղաղությունը հնարավոր է, եթե միջազգային հարաբերություններում հստակ ճանաչեն ՀՀ 29 800 քկմ տարածքը և հայտարարենք, որ մենք որևէ այլ երկրից տարածքային պահանջ չունենք: