Մի երիտասարդ՝ Արգիշտի Քյարամյան անունով-ազգանունով, ուղղակի չի բարեհաճում իջնել ու խոսել զոհվածների ծնողների հետ․ Արսեն Բաբայան

«Ինձ ամենաշատը զարմացրեց այն, որ զոհված տղաների մայրերը կանգնած թրջվում են անձրևի տակ, իսկ մի երիտասարդ՝ Արգիշտի Քյարամյան անունով-ազգանունով, ուղղակի չի բարեհաճում իջնել ու այս մարդկանց հետ խոսել։ Իսկ նրանք հարցեր ունեն»,- Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը, որն այնտեղ է հաջակցություն բողոքի ակցիա իրականացնող ծնողների։

Արսեն Բաբայանը նշեց, որ ծնողները Քննչական կոմիտեից ցանկանում են իմանալ, թե ի՞նչ փուլում է նախաքննությունը, այդ գործով կա՞ն ոստիկանության ծառայության աշխատակիցներ, որոնց մեղադրանք է առաջադրվել։
«Մարդիկ ունեն հարցեր, նրանք սովորական քաղաքացիներ չեն, զոհվածների ծնողներ են։ Քյարամյանին այս պահին ես դիտարկում եմ որպես սովորական հայ մարդ, բա չիջնե՞ս, խոսես նրանց հետ։ Եկել են, փողոց են փակել, մրսում են, մայրեր են, ամոթ չի՞, չիջնե՞ս։ Կարող է խոսես, համոզիչ մի բան ասես, գնան»,-ասաց Բաբայանը։

Նշենք, որ երեկվանից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 24-ժամյա նստացույց են սկսել ՔԿ-ի դիմաց եւ պահանջում են մեղադրանք առաջադրել զոհվածների ծնողների նկատմամբ «Եռաբլուր» պանթեոնում բռնություն կիրառած 13 ոստիկանների նկատմամբ: