«Ժողովրդավարության բաստիոնի շինարարները» չեն հանդուրժում այլախոհ որևէ պաշտոնյայի, իսկ նախկինների օրոք «նիկոլական» քանի՞ մասնագետ է պաշտոնավարել

Ապրիլի 4-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «Միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային դաշինքի առաջարկով և խորհրդարանական ընդդմության կողմից ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրված Էդգար Ղազարյանի թեկնածության քննարկման ամբողջ գործընթացը խոր մտորումների տեղիք տվեց, թե ինչպիսի տխուր ու խայտառակ ժամանակներ է ապրում Հայաստանի Հանրապետությունը՝ ունենալով այնպիսի իշխանություններ, որոնք կարող են նման վարքագիծ դրսևորել: Թե ինչպիսի խայտառակ անվանարկումներ, սպառնալիքներ ու վիրավորանքներ հնչեցին այդ օրը քպ երեսփոխանների շուրթերից, բոլորին է հայտնի՝ ընդհուպ մինչև այս իշխանություններին օբյեկտիվ գնահատականներ տվողների լեզուններն ու ականջները կտրելու մասին սպառնալիքը: Հիշեցնենք, որ հիստերիայի մեջ ընկած նման սպառնալիքներ էր հնչեցնում քպ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որին դուր չէր եկել Էդգար Ղազարյանի դիտարկումը՝ 2018 թվականի պետական հեղաշրջումը թուրքադրբեջանական գումարներով ու հրահրմամբ իրականացնելու մասին: Եվ ընդհանրապես կառավարման հինգ տարիներին մենք արդեն համոզվել ենք, որ ներկայիս իշխանավորների քիմքին ամենևին հաճելի չէ իրենց հասցեին հնչող որևէ ճշմարտացի քննադատություն, դիտարկում, փաստագրում: Անմիջապես հաջորդում է հաշվեհարդարը՝ լեզվակռվի, հայհոյանքների, սպառնալիքների, թքելու, իսկ ավելի բարձր մակարդակների պաշտոնյաների, ավելի ճիշտ մեկ պաշտոնյայի կողմից քրեական գործեր կարելու ու հետապնդելու տեսքով, ինչն արվեց ընդդիմության ՄԻՊ թեկնածուի դեմ: Դե իհարկե, ինչպե՞ս կարող է տոտալիտար, բռնապետական համակարգի տիպիկ ներկայացուցիչների այս խմբակը թույլ տալ, որ ՄԻՊ պաշտոնում հանկարծ հայտնվի մեկը, որը իրենց հակապատկերն է ու համարձակություն ունի ոչ միան հակառակվելու իրենց, այլև մատնացույց անելու բոլոր արատները, իրերն իրենց անուններով կոչելու ու հասարակության աչքերը բացելու: Չէ՞ որ տոտալիտար ռեժիմը հենց դա էլ նշանակում է՝ բացարձակ իշխանություն՝ առանց այլընտրանքի, այլախոհության, ընդդիմադիր հայացքների հնարավորության, ռեժիմ, որտեղ բոլոր պետական ու ոչ պետական համակարգերը ենթակա են իշխանությանը: Եվ իրոք, պետական որևէ ինստիտուտում կգտնե՞ք այսօր մի կադր թեկուզ, որն այլախոհ է կամ ընդդիմության ներկայացուցիչ է, եթե կա էլ, ապա չի համարձակվի բարձրաձայնել դրանք: Ուրեմն ինչպե՞ս պետք է ՄԻՊ պաշտոնում հայտնվի մեկը, որը յուրային չէ  և որի մտքի ծայրով կարող է անցնել քննադատել իշխանությունների գործունեությունը զեկույցներ գրելով, պաշտպանել իշխանությունից տուժածների իրավունքները…

Այնինչ խաբեությամբ, սպառնալիքներով (երբ Նիկոլը ժողովրդին սպառնում էր, թե՝ կամ ինքն է լինելու Հայաստանի վարչապետը, կամ պետությունը վարչապետ չի ունենալու), քաոսով, կեղծ խոստումներով, մարդկանց նյարդերը խուտուտ տվող տեխնոլոգիաներով իշխանությունը զավթելուց հետո Նիկոլն ու իր հպատակները առիթը բաց չէին թողնում գովերգելու իրենց ժողովրդավարական վարքագիծը՝ հասարակության աչքին իրենք իրենց ժողովրդավարության բաստիոնի շինարարներ հռչակելով ու դրանով իբրև հակադրվելով նախկիններին: Բայց այդ նախկինների օրոք չէ՞ր, որ, օրինակ, 2011 թվականին մարդու իրավունքների պաշտպան դարձավ այս իշխանությունների սպասարկու ու ենթակա, նրանց գաղափարակից, եթե ոչ հանցակից, հայացքներով ակնհայտ նիկոլական Կարեն Անդրեասյանը: Ավելին՝ նրա թեկնածությունն այդ պաշտոնում առաջարկել էր հենց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ որպես անկողմնակալ մասնագետի, իսկ իշխող կոալիցիան էլ հաստատել էր այն: Որևէ մեկը կվիճի՞ ինձ հետ՝ ասելով, թե Կարեն Անդրեասյանը նախկին իշխանությունների կամակատարն էր, համակիրը, կուսակիցը կամ որևէ ձևով առչություն ուներ նրանց հետ: Ի դեպ, այդ հարցին պատասխանել է հենց ինքը՝ պարոն Անդրեասյանը, երբ ՄԻՊ պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրելուց հետո լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք նա «իշխանությունների մարդը չէ». «Ես իշխանությունների մարդը լինելու համար պետք է երբևէ ունեցած լինեի պաշտոն, պետք է երբևէ ստացած լինեի իշխանություններից որևէ մի տեսակի առավելություն, արտոնություն, շահույթ կամ որևէ բան: Ես ամբողջ կյանքս աշխատել եմ, ինչ որ արել եմ, համենայնդեպս, եղել է հասարակական սեկտորում` ես աշխատել եմ տեղական հասարակական կազմակերպություններում, միջազգային հասարակական կազմակերպություններում, վերջին տարիներին ես եղել եմ մասնավոր բիզնեսում և դարձյալ արել եմ մարդու իրավունքների պաշտպանություն, ուղղակի` վճարովի հիմունքներով: Երբեք չեմ եղել որևէ կուսակցության անդամ կամ հարող: Հետևաբար, նման շահարկումը, կարծում եմ, ընդամենը նպատակ ունի ինչ-որ ձևով դրոշմել որոշակի պիտակներ, որից հետո արդեն օգտագործել դա քաղաքական նպատակներով»,- լրագրողի հարցին պատասխանել էր նա:

Պաշտոնավարումից մեկ տարի անց տարեկան զեկույցը ներկայացնելով՝ ՄԻՊ-ը, որ մի շարք խախտումնէր էր արձանագրել պետական կառավարման համակարգերում, նորից հիշեցրեց, որ ինքը Հանրապետականների կադրը չէ և որ իր վրա իշխանության կողմից որևէ ճնշում չի գործադրվում․  «Ես շնորհակալ եմ, որ ՀՀԿ-ն ինձ ընտրել է, բայց ես նրանց պարտական չեմ: Օմբուդսմենի վրա որևէ ճնշում չի եղել»: Պաշտոնավարման տարիներին իշխող կուսակցության և նրանց առաջարկով ՄԻՊ աթոռը զբաղեցրած պաշտոնյայի ճանապարհներն այնքան էլ հարթ չեն եղել, ասել է թե՝ Կարեն Անդրեասյանը յուրային չէր: Նունիսկ ՄԻՊ պաշտոնից ժամկետից շուտ հրաժարական տալու քայլն է այդ հակասությունների հետևանք եղել։

2018 թվականի իշխանազավթումից հետո առավել ակնհայտ դարձավ, թե իրականում «ում մարդն էր» նա և ո՞ւմ իշխանության օրոք նրան վստահվեցին նախ արդարադատության նախարարի, այնուհետև ԲԴԽ դատավորի պաշտոնները:

Կարեն Անդրեասյանի կենսագրությունն ուսումնասիրելով՝ ակնհայտ է դառնում, որ նա ավելի շատ լիբերալ հայացքներ ունեցող քաղաքական որևէ ուժի կարող էր հարել, միայն ոչ՝ պահպանողական ՀՀԿ-ին, քանի որ իր երկարատև մասնագիտական վերընթացի ժամանակ նախ մասնագիտական գիտելիքներ է ձեռք բերել ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի համալսարանում, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում, այնուհետև աշխատել է Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում։ 2003 թվականին աշխատել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սոցիոլոգիական և իրավական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտաշխատող։ 2003-2004 թթ. որպես միջազգային փորձագետ և խորհրդատու՝ աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում, Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում։ 2005-2008 թթ. աշխատել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում՝ որպես իրավաբան, հետո գլխավոր իրավաբան, այնուհետև փոխտնօրեն։ Եվ ահա այս կադրը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին իր այլախոհությամբ հայտվել է շատ պատասխանատու ոլորտի ղեկավարի պաշտոնին, ինչը մեկ անգամ ևս փակում է Փաշինյանի իշխանության՝ նախկինների ուղղությամբ հնչեցրած վայրահաչոցներով լի բերանը։

Թագուհի Ասլանյան