Անձրևանոցի գործով Փաշինյանը առայժմ կարգավիճակ չունի

Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետելու առթիվ նախաձեռնված վարույթի առնչությամբ Նիկոլ Փաշինյանն առայժմ կարգավիճակ չունի։ Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա նշեց, որ Փաշինյանի վրա անձրևանոց նետած կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։

Հիշեցնենք, որ Մալիշկա գյուղում 47-ամյա կինը մոտեցել է բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ։ Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետելով նրա ուղղությամբ։

47-ամյա կինը ձերբակալվել էր։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը Բերձորից տեղահանված է և Մալիշկայում վարձով է ապրում։