Իրաքը Թուրքիայից ներողություն է պահանջում Սուլեյմանիի օդանավակայանը գնդակոծելու համար

Իրաքը Թուրքիայից պահանջել է պաշտոնապես ներողություն խնդրել երկրի հյուսիսում գտնվող Սուլեյմանիի քաղաքացիական օդանավակայանի գնդակոծման համար։ Այս մասին ասված է նախագահի գրասենյակի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Սուլեյմանիի քաղաքացիական ավիացիայի ծառայության տվյալներով՝ ուրբաթ օրը քաղաքի միջազգային օդանավակայանի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որը հանգեցրել է փոքր հրդեհի, որը մարվել է։ Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Արաբական «Ալ-Հադաս» հեռուստաալիքի աղբյուրի համաձայն՝ պայթյունի պատճառը եղել է Թուրքիայի ԶՈւ անօդաչու թռչող սարքի հարվածը։ Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, պայթյունի պահին օդանավակայանի տարածքում կարող էր գտնվել քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» հրամանատար Մազլում Աբդին։

Իրաքի ղեկավարությունը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը «ստանձնել պատասխանատվությունը, պաշտոնապես ներողություն խնդրել այդ գործողությունների համար, դադարեցնել հարձակումները և լուծել իր ներքին խնդիրները՝ բացելով համապատասխան կողմերի հետ երկխոսության ուղիները»՝ նշելով, որ հարձակումների կրկնման դեպքում Իրաքը դրանք կանխելու համար կոշտ դիրքորոշում կընդունի։