Քառօրյա պատերազմից հետո նպաստավոր պայմաններ էին ստեղծվել ՀՀ համար Արցախյան խնդրի կարգավորման բանակցություններում

Փաշինյանը միտումնավոր փոշիացրեց դրանք

2018 թվականի պետական հեղաշրջումից և իշխանազավթումից երկու տարի առաջ՝ 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո Հայաստանը ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական հարթությունում հաղթանակներ ու ձեռքբերումներ գրանցեց, ինչը հետևողական աշխատանքի արդյունքում կարող էր ի վերջո հանգեցնել Արցախյան խնդրի հայանպաստ լուծմանը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արդյունավետ իրացմամբ և Արցախն ի վերջո ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքից ազատելու երաշխիքով: Բայց արտաքին թշնամին ավելի զգոն, խորամանկ ու հեռատես գտնվեց: Իզուր չէ, որ Ալիևը խոստովանեց Հայաստանում գունավոր հեղափոխության գործում իր դերակատարության ու մասնակցության մասին: Հասկանալով, որ Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցություններն ամենևին իր ուզած հունով չեն ընթանում, իսկ 2016 թվականին հասկանալով, որ ռազմական ագրեսիայով իրեն չի հաջողվի փոխել պատմության ընթացքը, Ալիևը, հավանաբար իր արևմտյան տերերի խորհուրդները հաշվի առնելով, տրոյական ձիու տեխնոլոգիան կիրառեց մեզանում և, ցավոք, հաջողեց: Ինչից հետո Արցախյան խնդրի ոդիսականը փաշինյանական թիմի թեթև ձեռքով ու Ալիևի հրահանգներով այլ հունով գնաց՝ ընդհուպ մինչև ամբողջական Արցախը, Սյունիքը, Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանային մարզերը կորցնելու սցենարի բարեհաջող իրագործում:

Ինչ ունեինք մենք 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո և ինչ ունենք հիմա: Անգամ նժարներին դնելու անհրաժեշտություն չկա Հայաստանի համար պատմական այս երկու զարգացումները՝ մի ծայրում բացարձակ բարենպաստ վիճակն է մեր պետության ու Արցախի Հանրապետության համար, մյուս կողմում խայտառակ պարտությունն ու կապիտուլյացիան ՀՀ իշխանության ղեկը զավթած թրքահաճո խմբակի ձեռամբ: Եվ այսօր արդեն հստակ ուրվագծվել է, որ 2018 թվականին «Մերժիր Սերժին» կարգախոսով փողոց դուրս եկած ՀՀ քաղաքացին իրականում մեր պետականությունը, անվտանգությունը, խաղաղությունը, Արցախն էր մերժում, փոխարենը կանաչ լույս վառելով ավերի, պարտվողականության, երկիրը կորցնելու վտանգի, հերթական ցեղասպանության համար: Մերժեցին նաև 2016 թվականի ձեռքբերումները, որոնք դրական զարգացում էին Արցախյան խնդրի կարգավորման գործընթացում, և որոնք Սերժ Սարգսյանի իշխանության տարիների տքնաջան աշխատանքի արդյունք էին: Խոսքը Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է, որոնք ապացուցում են Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայանպաստ դիրքորոշումը և տրամադրվածությունը, որպեսզի խնդրի կարգավորման գորընթացում նախևառաջ հայկական երկու պետությունների շահերը հաշվի առնվեն:

2017 թվականին խոսելով 2016 թվականի պատերազմից հետո բանակցային գործընթացի մասին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչել, և դրա նախադրյալները կան:

«Իմ կողմից ևս մեկ անգամ վերահաստատվեց ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ կանոնադրության դրույթների վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»,- ասել է նա՝ շեշտելով Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված իրավիճակի սրացումը թույլ չտալուն, հրադադարի ռեժիմի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության թուլացման ու բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով հավելյալ միջոցների ձեռնարկմանը:

Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների և կրած պարտության հետևանքով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությունը էական փոփոխությունների ենթարկվեց։ Ռազմաճակատում ունեցած հաղթանակը արդյունավետ ձևով կապիտալիզացվեց հայկական դիվանագիտական դաշտում. Վիեննայում, այնուհետև Սանկտ Պետերբուրգում բանակցային գործընթացի առաջնահերթություն դարձան վստահության ամրապնդման և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունները։ Սա նշանակում էր սահմանին ստատուս քվոյի ամրապնդում, ռազմական գործողությունների բացառում և նախահարձակ կողմին հստակորեն տարբերակելու ու վերահսկելով պատասխանատվության ենթարկելու հնարավորություն։

ՎԻԵՆՆԱՅՈՒՄ և ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՏևԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ ԷԻՆ

2016 թ․ քառօրյա պատերազմն ավարտվելուց հետո մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով հաստատում էին, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, և շեշտում հրադադարի մասին 1994 և 1995 թթ․ համաձայնագրերի պահպանման կարևորությունը։ Հայտարարության մեջ նաև հիշատակվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննությունների անցկացման մեխանիզմի ձևավորումը, ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև շարունակել անհայտ կորած անձանց մասին տվյալների փոխանակումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո։ Ավելի ուշ՝ հունիսի 3-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին են ներկայացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և հետաքննություների մեխանիզմների ներդրման վերաբերյալ փաստաթղթերի նախագիծը: Իսկ արդեն հուլիսի 20-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ևս մեկ անգամ հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում, որտեղ կողմերը վերահաստատեցին Վիեննայի գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ասել է թե՝ այդ պարտավորությունները բանավոր չեն, ամրագրված են դիվանագիտական խողովակներով և բանակցային գործընթացի շարունակության համար հրաշալի իրավական դաշտ էին ապահովում ադրբեջանական հնարավոր ագրեսիային դիմագրավելու և բանակցային գործընթացի շուրջ վերահսկելի վստահության միջավայր ստեղծելու համար։ Հենց այս պայմանավորվածությունների արդյունքում էր, որ Ադրբեջանի նախագահը սկսեց բողոքել, թե իրեն միջազգային հարթակում պարտադրում են ճանաչել ԼՂ անկախությունը։ Ալիևին դեմ էին տվել պատին, և նա փախչելու տեղ չուներ այլևս, քանի որ պարտավորությունները չկատարելու դեպքում աշխարհում Ադրբեջանը որպես ապակառուցողական կողմ էր դիտարկվում: Հիշեցնենք, որ այն ժամանակ աշխարհաքաղաքական վիճակը և Հայաստանի կարգավիճակն ու կշիռն այնպիսին էր, որ դա կարող էր հետևանքներ ունենալ այդ արհեստածին պետության համար, որովհետև մեր երկրի ղեկին ու կարևոր գերատեսչություններում պրոֆեսիոնալներ էին ու պետության հարգն իմացող այրեր: Ադրբեջանն ապակառուցողական կողմ ճանաչելը իր հերթին ամրապնդեցին հայկական կողմի բանակցային դիրքերը:

Բայց շրջադարձային այդ պատմական պահը փոշիացվեց 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետևանքով, և փոխվեց նաև ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությունը։ Բանակցային գործընթացից դուրս մղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, փոխարենը ՀՀ ներկայիս իշխանությունների գործուն մասնակցությամբ ու ինչու ոչ՝ նաև նախաձեռնությամբ սկսեցին ակտիվորեն շրջանառվել Դուշանբեի պայմանավորվածությունների, երկու պետությունների միջև ուղիղ կապի և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման հեղհեղուկ գաղափարները, որոնց տրամաբանական հանգուցալուծումը եղան հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողությունները։ Երբ հուլիսյան զարգացումների ժամանակ Հայաստանի իշխանությանը սկսեցին ակտիվորեն քննադատել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները բանակցային օրակարգից դուրս մղելու և այդպիսով  ադրբեջանական սադրանքների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու մեջ, սրանք սկսեցին արդարանալ, թե իրենք չեն բանակցային օրակարգից դուրս մղել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, թե իբրև նախկինում էլ դրանք ոչ միշտ են տեղ գտել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում։ Այնինչ 2016 թ․ ապրիլյան ռազմական գործողություններից մինչև 2018 թ․ ապրիլ-մայիսի իշխանափոխությունը ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններում հաճախ են կարևորվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը՝ Անջեյ Կասպերշիկի առաքելության ընդլայնման, վստահության ամրապնման և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ և այլ հարցերում։ Այդ ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածել են 24 պաշտոնական հայտարարություն և մամուլի հաղորդագրություն, որոնցից 10-ում հստակ և ուղղակիորեն հիշատակված են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ընդ որում վերջին հիշատակումը եղել է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ընդամենը 2 ամիս առաջ՝ 2018 թ․ փետրվարի 11-ին: Սա խոսում է այն մասին, որ Ապրիլյան պատերազմից ի վեր, ընդհուպ մինչև Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները եղել են ԼՂ բանակցային գործընթացի առաջնահերթությունը և պարբերաբար շրջանառվել համանախագահների կողմից։ Այդ նույն ժամանակահատվածում եղել են նաև ՄԽ որոշ այլ հայտարարություններ, որոնցում թեև ուղղակիորեն չեն հիշատակվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, սակայն նշվել է կամ Կասպերշիկի առաքելության ընդլայնման, կամ վստահության ամրապնդման և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին:

Բանակցային գործընթացի օրակարգում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների առկայությունը և դրանց պարբերաբար հիշատակումը ՄԽ համանախագահների հայտարարություններում հայկական դիվանագիտության համար բավականին նպաստավոր իրավիճակ էր ստեղծել։ Այն հաճախ թույլ էր տալիս խուսափել մասնավորապես տարածքային զիջումների մասին քննարկումներից, քանի դեռ Ադրբեջանը խոչընդոտում էր վստահության ամրապնդման և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման վերաբերյալ որոշումների իրականացմանը։

Ինչպես նշեցինք, իրավիճակը կտրուկ փոխվեց 2018 թ․ իշխանազավթումից հետո։ 2018 թ․ մայիսից 2020 թ․ հուլիսը ՄԽ համանախագահների տարածած 26 պաշտոնական հայտարարության կամ մամուլի հաղորդագրության մեջ այլևս չեն հիշատակվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Այդ հայտարարություններից միայն մեկում հիշատակվում է Կասպերշիկի առաքելության ընդլայնման վերաբերյալ 2016 թ․ պայմանավորվածությունների մասին, ևս մեկում հիշատակվում է վստահության ամրապնդման մեխանիզմների մասին՝ այն էլ անուղղակի ձևով։ Վերջին անգամ՝ 2019 թ․ դեկտեմբերին։ Զարմանալի էլ չէ, քանի որ հիշում ենք, թե ինչպիսի եռանդով էր ՀՀ վարչապետը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները բանակցային գործընթացից դուրս մղելու քայլեր ձեռնարկում:

Ի դեպ, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո անհամեմատ ավելի հաճախակի են դարձել ՄԽ համանախագահների հայտարարություններում այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» և վերջինիս «ներկայացուցիչների» հետ հանդիպումների մասին հիշատակումները։ Հատկապես մտահոգիչ ու վտանգավոր է 2019 թ․ հոկտեմբերի 17-ի հայտարարությունը, որտեղ նշվում է ԼՂ «դե ֆակտո» իշխանությունների հետ համանախագահների հանդիպման մասին, այնուհետև հաջորդ իսկ նախադասության մեջ նշվում է Բաքվում այսպես կոչված «ԼՂ ադրբեջանական համայնքի նախագահի» հետ ՄԽ համանախագահների հանդիպման մասին։ Այս հայտարարության մեջ փաստորեն ՄԽ համանախագահները փորձ են անում միևնույն հարթության մեջ դնել ԼՂ օրինական իշխանություններին և այսպես կոչված «ԼՂ ադրբեջանական համայնքի նախագահին»: Այսօր արդեն այդ տեսական հայտարարությունները գործնական կիրառում են ստացել, և Փաշինյանն էլ արդեն տևական ժամանակ է՝ խոսում է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության և բանակցությունների մասին՝ ամբողջությամբ իրատեսական համարելով այսպես կոչված ԼՂ ադրբեջանական համայնքի գոյությունը և մասնակցությունն այդ բանակցություններին:

Թագուհի Ասլանյան