Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. ֆրանսիացի պաշտոնյա
Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման նպատակով, հայտարարել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն այսօր Սյունիքում։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը արձագանքի։ Միջազգային հանրությունը իր լռությամբ մեղավոր է դառնում։ Կա Արդարադատության միջազգային դատարանի որոշում, և այդ որոշումը պետք է անպայման հարգվի։ Եվ ի՞նչ կարող է անել Ֆրանսիան, իմ կարծիքով, ի՞նչ պետք է անի. մաքսիմալ ճնշում գործադրել, որպեսզի կարողանանք գոնե առաջին փուլում որպես առաջին քայլ մարդասիրական օգնության համար ճանապարհը բացել», – ասաց Վոքիեն։
Ֆրանսիացի պաշտոնյայի գլխավորած պատվիրությունը երկօրյա այցով Սյունիքի մարզում է, այսօր այցելել է Լաչինի փակ միջանցքի մուտք՝ Տեղ գյուղի Կարմիր հող կոչվող տեղամաս, նշելով, որ իր այս քայլով ցանկանում է ցույց տալ աշխարհին՝ Ֆրանսիան իր բարեկամ երկրի՝ Հայաստանի կողքին է։
Լորան Վոքիեն մտահոգություն է հայտնել միջանցքի ավելի քան 100 օր փակ լինելու պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի առթիվ՝ անընդունելի համարելով Ադրբեջանի այս գործելաոճը։
«Նրա (Ադրբեջանի-խմբ.) հույսն այն է, որ այստեղ առաջխաղացումներ ունեն, կհաստատվեն այստեղ, մարդիկ աստիճանաբար կմոռանան, ու փաստը կմնա այն, որ իրենք այստեղ են արդեն։ Եվ այդ առումով շատ կարևոր է անընդհատ հիշեցնել, որ գոյություն ունի միջազգային իրավունք, և այդ միջազգային իրավունքի կանոնները խախտվում են, խախտվում է միջազգային դատարանի որոշումը։
Այստեղ խոսքը նույնիսկ երկու սուվերեն պետությունների սահմանների ու սահմանազատման մասին չէ, խոսքը150 հազար մարդկանց մասին է, մարդկանց, որոնց բոլոր իրավունքներն ուղղակի ոտնահարվում են», – շեշտեց նա։