Ակադեմիական քաղաքի առասպելը, ի՞նչ նպատակով են բուհերը մայրաքաղաքից տեղափոխվում մարզ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Փորձենք վերծանել ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության անգրագետ շարադրանքը: Հաղորդագրության մեջ նախարարությունը բառեր չի խնայել կառավարության նախաձեռնությունը հնարավորինս փայլուն փաթեթավորմամբ հանրությանը հրամցնելու և դրանով իրենց աշխատանքը ներկայացնելու այնպես, ասես իրենք աշխարհի ամենաբանիմաց, մտահոգ, խելացի, առաջանցիկ ու գերժամանակակից գաղափարները կյանքի կոչելու ունակությամբ օժտված կառավարությունն են և ջանք ու եռանդ չեն խնայում՝ օրինիբուն աշխատելով, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ծաղկի, զարգանա ու հզորանա: Ըստ հաղորդագրության բովանդակության՝ «ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում, իսկ քաղաքը լինելու է որակյալ բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների համար համապատասխան հնարավորություններով հագեցած մասնաշենքային տարածք, որտեղ կլինեն նաև մարզադահլիճներ, գրադարաններ, լաբորատորիաներ, հանրակացարաններ: Նախագիծը նոր է ներկայացվել հանրային քննարկման և դրա վերաբերյալ հանրային լսումը նախատեսված է ապրիլի 7-ին՝ Գիտության կոմիտեում, բայց մեկ դիտարկում՝ նախկին իշխանություններին կամայականությունների մեջ մեղադրող այս նորեկները մեկ վատ սովորություն ունեն՝ եթե մտքներին մի բան փչում է, ամեն գնով այն իրականացնում են: Իսկ հանրային լսումներն ու քննարկումներն ընդամենը մարդկանց աչքերին թոզ փչելու ձևականություններ են: Բազմիցս ենք դրանում համոզվել, և թերևս օրինակներ բերելու անհրաժեշտություն չկա:

Հարյուրամյակների ավանդույթներ ունեցող մեր բուհերին այս իշխանությունները վաղուց են մարտահրավեր նետել՝ ժամանակ առ ժամանակ հայտարարելով դրանք մարզ տեղափոխելու, իսկ բուհերի ներկայիս շենքերն օտարելու մասին: Արդեն իսկ հստակեցված է այն ծրագիրը, որով Երևանում տեղակայված մինչև ութ բուհ նախատեսված է տեղափոխել Աշտարակ քաղաք, իսկ բարձրագույն ուսումնական հաստատությունների երևանյան շինությունները վաճառել՝ իբրև թե ստացած հասույթով Աշտարակում ուսանողական քաղաք կառուցելու նպատակով: Իշխանությունների այս խելահեղ ծրագրի մասին ինքը՝ Փաշինյանն է հայտնել Աշտարակ այցելության ժամանակ, և հենց նա էլ խոստովանել է, որ խոշորացման ծրագրով Աշտարակ տեղափոխված հաստատությունների շենքերն ամենայն հավանականությամբ կվաճառվեն: Իշխանություններն անգամ ակադեմիական քաղաքի տարածքն են աչքի տակ առել՝ Աշտարակում ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի ու էլեկտրոնիկայի ինստիտուտը:

Ի դեպ, ակադեմիական քաղաքի գաղափարը ներկայացված է «ՀՀ կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծում։ Ծրագրի մասին հիշատակում կա նաև կառավարության 2021-2026 թթ․ հնգամյա ծրագրում՝ որպես ռազմավարական նշանակություն ունեցող նախագիծ։ Ասել է թե ընդգրկված է Փաշինյանի այն առաքելությունների ցանկում, որը հերթով իրականացնում է իր իշխանության գալուց ի վեր: Իսկ այդ ցանկը բավականին հարուստ է և, ինչպես ցույց տվեցին նրա կառավարման տարիները, ամենևին չեն բխում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերից: Թե՞ դրանում դեռ կասկածողներ կան: Եվ այս համատեքստում չենք կարող մտահոգություններ չունենալ մասնավորապես ակադեմիական քաղաք կառուցելու ծրագրի առնչությամբ՝ իմանալով Փաշինյանի իրական մտադրությունների, այլ ոչ թե դրանց փաթեթավորման մասին: Ի՞նչ դանդաղ գործող ռումբ է փորձում նրա կառավարությունը տեղադրել Հայաստանի կրթության ոլորտում: Հետևելով քպ-ականների վարած քաղաքականությանը, դժվար չէ հետևություններ անելը:

Սկսենք նրանից, որ Փաշինյանի իշխանությունն այսօր առավել քան երբևէ խարսխվում է հասարակության ցածր խավի վրա, որը բաղկացած է անկիրթ կամ թերի կրթությամբ, վերլուծելու, տրամաբանելու ունակություն չունեցող, ցածր մտավոր կարողություններով ու իրավագիտակցությամբ և իշխանություններին կուրորեն հավատացող մարդկանցից: Տրամաբանական հարց է առաջանում՝ պե՞տք են արդյոք Փաշինյանին կրթված, խելացի, մտավոր բարձր կարողություն ունեցող մարդիկ, չէ՞ որ նման հասարակություն ձևավորելով՝ նա պարզապես իր դագաղի վերջին մեխը կմեխի: Ուրեմն ի՞նչ մտահոգությամբ պետք է այս թերի կրթությամբ ղեկավարը, որի համար բարձրագույն կրթությունը չարիք է, որովհետև իր ուղեղը դրան հասու չի եղել, հանկարծ քայել ձեռնարկի բարձրագույն կրթության որակն աննախադեպ բարձրացնելու և կրթությունը, գիտությունը խթանելու ուղղությամբ: Առավել ևս, որ հինգ տարվա կառավարման ընթացքում նա ամեն ինչ արեց գիտնականներին, մտավորականներին նվաստացնելու համար՝ այդպես էլ չարժևորելով նրանց մտավոր ներուժն ու կարողությունները: Փոխարենը ուժային և իրավապահ կառույցներում արդիականացման ծրագրեր իրականացրեց ու աշխատավարձեր բարձրացրեց, պարգևավճարներ սահմանեց: Ի՞նչ է՝ Աշտարակում նոր շենքային պայմաննե՞րը պետք է ոգեշնչեն Նիկոլին՝ գնահատելու բարձրագույն կրթությունը: Զարմանալի չէ, որ ակադեմիական քաղաք և հիմնադրամ նախաձեռնելու ծրագրերում շեշտն ավելի շատ նյութական կողմի վրա է դրված՝ շենքային պայմաններն են առաջնայինը, և ոչ թե կրթության որակը, մասնագետների վերապատրաստումը, նոր, ժամանակակաից մասնագիտական գրքերի տպագրությունը, կրթական ծրագրերը, բարձր աշխատավարձերը, քանի որ լավ աշխատավարձը դասախոսին իր մասնագիտական որակները բարձրացնելու նոր հեռանկարներ է ապահովում: Իսկ կրթության որակի բարձրացման համար նոր շենքը կամ մարզադահլիճը թելադրող պայման ու խթան չեն: Փորձագետները պնդում են, որ ակադեմիական քաղաքի կառուցումը բարձրագույն կրթությունն ավելի լավը չի դարձնելու, քանի որ նախագծի շուրջ խոսույթներն ավելի շատ շենքերի կառուցման, շինարարության մասին են, և ոչ թե կրթության բովանդակության բարելավման մասին։ Տպավորություն է, որ իշխանությունները պարզապես բուհերի շենքերն են ազատում՝ դրանք որպես լավ ավար օր առաջ վաճառելու կամ գուցե յուրացնելու համար: Ո՞ւմ աչքն է այդ կառույցների վրա,  օրինակ՝ ԵՊՀ-ի, բժշկական համալսարանի, ճարտարապետական համալսարանի շենքերի: Իսկ այդ կառույցները ոչ միայն ինքնին պատմաճարտարապետական հուշակոթողներ են, այլև տեղադիրքով են արժեքավոր: Մյուս կողմից էլ նշում են, որ ակադեմիական քաղաքի կառուցումը մեզանում ամենևին հիմնավորված չէ, այսինքն՝ չկա նման ծրագիր իրականացնելու անհրաժեշտություն, քանի որ բուհական համակարգն այնքան հագեցած չէ, որպեսզի այն առանձին ու ավելի մեծ վայրում կենտրոնացնելու անհրաժեշտություն լինի:

Թագուհի Ասլանյան