Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը` Մոսկվա):
Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարևորել է հայ-իսպանական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: ԱԺ փոխնախագահը ողջունել է մեր երկրում Իսպանիայի մշտական ներկայացուցչության բացումը, ինչը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը:
Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Իսպանիայի դեսպանության գրասենյակի` Երևանում գործերի հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն: