Սահմանից մի քայլ ներս՝ պարեկ, մի քայլ դուրս՝ թշնամի․ ո՞ւր է գնում Հայաստանը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյան է։

«Ներկայիս իշխանությունները 2018-ից սկսած ամեն ինչ արել են, որպեսզի վարկաբեկեն ցանկացած կառույց։ Իրականում ոստիկանությունն ավելի բարձր դիրքերի վրա էր, ավելի բարձր հեղինակություն ուներ և առհասարակ բոլոր կառույցները ավելի բարձր դիրք և հեղինակություն ունեին մինչև Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը առաջին օրվանից սկսեց բոլոր կառույցները և հատկապես ուժային կառույցները վարկաբեկել, երբ ինքը Կառավարության նիստերի դահլիճից շատ անտրամաբանական և շատ էժանացնող ցուցումներ էր տալիս ոստիկանության պետին, իսկ երբ սկսվեց ձևավորվել այդ պարեկային ծառայությունը, ի սկզբանե պարզ էր, որ չէր կարող քաղաքացիների կյանքը հեշտացնել, չէր կարող ոստիկանության դեմքը բարձրացնել, քանի որ թեկուզ այն հանգամանքը, թե ովքեր են այն ձևավորելու և ինչ ֆինանսական միջոցներով են ձևավորելու և ինչպիսի կոնտինգենտ են ընտրելու, ի սկզբանե պարզ էր, որ սա ամբողջովին ձախողված է»,- խոսելով ոստիկանության պարեկային ծառայության համակարգում վերջին շրջանում աղմկահարույց դեպքերի և համակարգի բացթողումների մասին՝ ընդգծեց իրավապաշտպանը։

Հաղորդման շրջանակներում Կարապետ Պողոսյանը որոշակի մանրամասներ ներկայացրեց պարեկների կողմից քաղաքացուն կյանքից զրկելու միջադեպից, որը մինչը օրս մի շարք հարցեր է պարունակում, ինչպես նաև ներկայացրեց պարեկի մասնակցությամբ ևս մի սպանության դեպքի մասին, որը ոստիկանությունը փութաջանորեն թաքցնում է։

Հարցին, թե ինչու է ձևավորվել կրթական ցածր շեմով նման համակարգ, որը իրավունք է ստացել կրել զենք և կիրառել, բանախոսն ընդգծեց, որ կա հստակ ծրագիր, որին լծված է այս իշխանությունը, և, կարծես, դիտավորություն լինի, որ սահմանին թշնամին է սպանում հային, իսկ սահմանից ներս իրենց կողմից ստեղծված անհասկանալի համակարգի ներկայացուցիչները։

Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց նաև, որ 2018-ին դագաղներով եկած իշխանությունը այս գործելաոճը և ձեռագիրը կիրառել է դեռևս 2020 թ․ համավարակի ժամանակ, երբ քաղաքացու նկատմամբ դիմակ չկրելու համար ոստիկանը բիրտ ուժ էր գործադրում։

Խոսելով ԱՄՆ պետդեպի զեկույցից՝ բանախոսը նշեց, որ զեկույցը գալիս է փաստելու մի պարզ ճշմարտություն, որ Փաշինյանը նաև «գցել է» Արևմուտքին․ «Նիկոլ Փաշինյանն ինքն իր էությամբ, երբ իր կենսագրությունն էլ եք նայում, ամբողջ կյանքում միշտ բոլորին «գցել է», և իշխանության գալուց հետո ինքը սկսեց հերթով բոլորին «գցել»՝ գցեց պողոսներին,  գցեց ժողջանին, գցեց Արցախին, գցեց իր գործընկերներին, իր ռազմավարական գործընկերոջը, հիմա ԱՄՆ պետդեպի հայտարարությունից հետո, մենք կարող ենք հստակ արձանագրել, որ ինքը գցել է նաև Արևմուտքին։ Մինչև էս պահը Նիկոլ Փաշինյանը չի գցել Էրդողանին և Ալիևին»։

Մանրամասները՝ տեսանյութում