Մերձավոր Արևելքում իրավիճակ է փոխվում-3

Տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանը գրել է․

«Իրան-Սաուդյան Արաբիա, Սիրիա-արաբական երկրներ հարաբերությունների կարգավորման գործընթացներին զուգահեռ՝ 11 տարվա ընդմիջումից հետո տրվել է նաև Մերձավոր Արևելքի մյուս 2 կարևոր դերակատարների՝ Թուրքիայի և Եգիպտոսի միջև երկխոսության մեկնարկը։

Մասնավորապես, մարտի 18-ին Կահիրեում կայացել է ԹՀ ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը եգիպտացի գործընկերոջ՝ Սամեհ Շուքրիի հետ։ Քննարկվել է ոչ միայն երկկողմ հարաբերությունների լիարժեք վերականգնման, այլև դրանց խորացմանը միտված հարցերի լայն շրջանակ:

Այս հիմնախնդրի կարգավորումը ևս զգալիորեն բարելավելու է տարածաշրջանի անվտանգային միջավայրը հատկապես պաղեստինյան, լիբիական և Արևելյան Միջերկրածովյան հիմնախնդիրների առնչությամբ՝ այս կարևոր մրցակիցների փոխհարաբերությունները հակամարտայինից տեղափոխելով համագործակցային հարթություն։ Իսկ աշխարհաքաղաքական տեսանկյունից երկու երկրներն էլ սերտ ռազմաքաղաքական հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ։

Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորումն էական ազդեցություն է ունենալու նաև Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի առևտրատնտեսական միջավայրի վրա՝ հաշվի առնելով այս երկրների տնտեսական լայն ներուժը»։