Արցախի մայր թատրոնի բեմում կլինի «Բակում կատաղի շուն կա» կատակերգությունը

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նախապատրաստվում է «Բակում կատաղի շուն կա» կատակերգության բեմադրությանը, որի առաջնախաղը նախատեսվում է մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը։ Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի մայր թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը՝ մանրամասնելով, որ ընտրել են կատակերգություն, որպեսզի կարողանան հասարակությանը մի փոքր կտրել առօրյա հոգսերից:

Նա նշել է, որ  մարտի 27-ին նախատեսվում է նաև գրքի շնորհանդես՝ նվիրված Արցախի մայր թատրոնի 90-ամյակին, որը լրացել է անցած տարվա օգոստոսին։

«Գունավոր տպագրությամբ գրքում տեղ են գտել թատրոնի 90-ամյա ուղին ներկայացնող լուսանկարներ, պատմություններ՝ բոլոր ժամանակի բեմադրությունների, հանդիսատեսի մասին։ Հեղինակը Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գրական գեղարվեստական մասի վարիչ Կարինե Ալավերդյանն է»,-ասել է Արմեն Հարությունյանը՝ հավելելով, որ գիրքն արդեն հրապարակվել է, սակայն շրջափակման պատճառով առայժմ գտնվում է Երևանում:

Թատրոնի տնօրենը նշել է, որ չնայած շրջափակման դժվարություններին՝ մարտ ամսում 4 անգամ թատերասերներին են ներկայացրել «Անմահների դիրքը» բեմադրությունը:

Անցած տարի Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնը մոտ 80 ներկայացմամբ է հանդես եկել, որից 11-ը արտասահմանում: Ներկայում, սակայն, շրջափակման հետևանքով զրկված են այդ հնարավորությունից:

«Նախորդ տարի Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Ավստրիա, Մոսկվա քաղաքներում մեծ հյուրախաղերի մասնակցեցինք։ Նախատեսում էինք մեկնել Պարսկաստան, Մոսկվա։ Այս տարվա աշնանն էլ ԱՄՆ-ի 10 քաղաքներում պիտի ներկայացումներ ունենայինք»,-ասել է թատրոնի տնօրենը: