Ներկրվում է ևս 150 «Ժոնգտոնգ» ավտոբուս. «Երևանի ավտոբուսն» արտոնություն ստացավ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 16-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ընկերության կողմից մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսվում է շարունակել ավտոբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող թվով 150 ավտոբուսներով՝ բացառելով միկրոավտոբուսները՝  Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով նախագիծը՝ ասաց, որ ծրագիրն ուղղված է լինելու մայրաքաղաքի բնակչության կանոնավոր ուղևորափոխադրումների ապահովման լավացմանը. «Ծրագրի իրականացումը հնարավորություն կստեղծի ապահովել մայրաքաղաքի գործող երթուղիների ավտոպարկի թարմացումը և նոր երթուղիների ձևավորման համար բարձրացնել մայրաքաղաքի բնակչության՝ հյուրերին և զբոսաշրջիներին մատուցվող ծառայությունների որակը»,- ասաց նա:

Քերոբյանի խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում ավտոպարկի թարմացումը կապահովի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև կկրճատի խցանումների առաջացումը՝ պայմանավորված մարդատար ավտոմեքենաների քանակով և ավտոբուսների անսարքություններով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներկրել 150 Zhontong Bus Euro 5 բնապահպանական ստանդարտի ավտոբուսներ, որոնք համապատասխանում են այնպիսի պահանջների, որոնք կարող են Երևանի կլիմայական և ռելիեֆային պայմանններում արդյունավետ շահագործվել, իսկ EURO 5 շարժիչների առկայությունը կնպաստի մայրաքաղաքի էկոլոգիական միջավայրի բարելամանը՝ մասնավորապես ունենալով վնասակար նյութերի ավելի ցածր արտանետման համակարգ:

«Նախատեսվում է ներմուծել 6,6 մլրդ դրամի ավտոբուսներ և դրանց պահեստամասեր և ստեղծել 492 նոր աշխատատեղ մինչև 317 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:

Նշենք, որ արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6,6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 660 մլն դրամ: