Այլախոհներին գաղտնալսում են, բռնաճնշում՝ հայտարարելով, թե իրենք ամենաժողովրդավար և մարդու իրավունքները պաշտող իշխանությունն են

Մինչ մեր հարևան Վրաստանում օտար երկրների աղբյուրներից սնվող և հօգուտ նրանց գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչերն ու առանձին անհատներ դուրս են եկել փողոց իբրև բողոքելու մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ, նախօրեին միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակեց «Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցը, որում Հայաստանը նահանջել է նախորդ տարվա ցուցանիշից մեկ հորիզոնականով և 54 միավորով շարունակում է մնալ մասամբ ազատ երկրների ցանկում: Բայց էականը դա չէ, մանավանդ, որ վաղուց դադարել ենք վստահել նման միջազգային հորջորջված կազմակերպությունների սանդղակներին՝ համոզված լինելով, որ դրանք կազմվում են հիմնականում քաղաքական նկատառումներով՝ ճնշումներ գործադրելու պետություննեի ղեկավարների վրա և վերահսկելու նրանց վարքը, եթե հանկարծ  փորձեն շեղվել Արևմուտքի նախանշած ուղուց: Բայց մեկ փաստ, որը տեղ է գտել այդ կազմակերպության զեկույցում, չվրիպեց մեր ուշադրությունից, որի հավաստի լինելու մեջ կարող ենք վստահ լինել մեր ունեցած փորձից ու ձեռքի տակ եղած տեղեկություններից ելնելով:

Զեկույցում՝ Հայաստանին վերաբերող հատվածում մեջբերվում են 2021 թվականի վերջին Meta-ի և Citizen Lab-ի, ինչպես նաև 2022 թվականի մայիսին Google-ի զեկույցները, որոնցում կասկած կար, թե Հայաստանում այլախոհները գաղտնալսվում են: Freedom house-ն իր զեկույցում հիշեցրել է, որ դեռևս 2022 թ․ մայիսին Google-ի սպառնալիքների վերլուծության խումբը կասկած է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը մակեդոնական Cytrox ընկերության կողմից ստեղծված Predator լրտեսող ծրագրեր է օգտագործում: Cytrox ընկերության Predator ծրագիրը թիրախավորում է մարդկանց՝ տվյալներ հավաքելու, նրանց մանիպուլյացիայի ենթարկելու և սարքերն ու ինտերնետային հաշիվները շարքից հանելու նպատակով։ Զեկույցում նշվում է, որ լրտեսող ծրագրերը օգտագործվել են մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում՝ լրագրողներին, այլախոհներին, ասել է թե ընդդիմությանն ու ընդդիմադիրներին և իրավապաշտպաններին հետևելու, վերահսկելու և տարատեսակ ճնշումների ենթարկելու համար:

Այս տվյալները իհարկե, մեզ համար գաղտնիք չեն, բազմիցս է խոսվել ընդդիմադիր գործիչներին իշխանական վերնախավի հրահանգով լրտեսելու, գաղտնալսելու մասին: 2021 թվականին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էր հայտարարել, որ մեկ այլ լրտեսող ծրագրով՝ իսրայելական արտադրության Pegasus-ով, գաղտնալսել են իր և իր ընտանիքի անդամների բջջային հեռախոսները: Հետագայում Pegasus-ով Հայաստանում գաղտնալսելու մասին տեղեկությունները հաճախակիացան. Դավիթ Սանասարյանը, Նարեկ Մալյանը և այլ քաղաքական, հասարակական ակտիվ գործիչներ տեղեկություններ հանրայնացրին այն մասին, որ APPLE ընկերություից նախազգուշացում են ստացել, թե իրենց հեռախոսը գաղտնալսվում է ու նաև հեռախոսի բոլոր տվյալները հասանելի են լրտեսող ծրագիրը շահագործողներին, պատվիրատուներին: Ինչպես հանրությանը տեղեկացրել էր Արթուր Վանեցյանը՝ այդ ծրագրից օգտվելու հայտ կարող է միայն պետությունը ներկայացնել արտադրող ու շահագործող ընկերությանը, հետևաբար գաղտնալսողները չեն կարող առանձին անհատներ կամ կազմակերպություններ լինել, մանավանդ, որ ծրագրից օգտվելու գումարն էլ բավականին մեծ է՝ տասնյակ հազարավոր դոլարների է հասնում մեկ անձին գաղտնալսելու համար: Մյուս կողմից էլ գաղտնալսում իրականացնելը պետության մենաշնորհն է, և եթե դրա համար կան համապատասխան հիմքեր, ապա դատարանի որոշման հիման վրա պետությունն իրավունք ունի գաղտնալսել և իրականացնել համապատասխան միջոցառումներ։

Չնայած տեղեկությանը, որ Հայաստանում յուրաքանչյուրս կարող է գաղտնալսվել և յուրաքանչյուրիս տեղաշարժն ու վարքը կարող են հսկել՝ հատկապես ներկա իշխանությունների կառավարումից դժգոհ ու նրանց գործունեությունը խստորեն քննադատող գործիչներին, Հայաստանում դրա դեմ որևէ մեկը փողոց դուրս չեկավ՝ ի տարբերություն Վրաստանի: Այն դեպքում, երբ Վրաստանում փողոց էին լցվել օտարերկրյա ազդեցության գործակալի հավանական թեկնածուներն արևմտյան փողերի դրդմամբ՝ ընդդեմ Վրաստանի պետական շահի: Իսկ Հայաստանում փաստորեն այդ նույն գործակալները, որոնք սպասարկոմ են Արևմուտքի շահերը մեր տարածաշրջանում, իրենք են գաղտնալսում ու հետևում պետության շահերով առաջնորդվող գործիչներին՝ ընդդեմ բոլոր օրենքների ու Սահմանադրության, առանց դատարանի համապատասխան որոշման ու թույլտվության: Ինչպես վերևում արդեն նշեցինք, միջազգային հորջորջված և բնավ ոչ անաչառ, կարելի է ասել՝ քաղաքականացված Freedom House-ը Հայաստանի դիրքերը ընդամենը մեկ հորիզոնականով հետ գցելու հանգամանքը այստեղ խոսքի ազատության դեմ իրականացվող նման ոտնձգություններով չի պայմանավորել, թեև զեկույցում անդրադարձ կա դրան: Ընդամենը նշել է, որ Հայաստանը միավոր է կորցրել ֆիզիկական բռնությունից և պատերազմներից պաշտպանված լինելու բաժնում` պայմանավորված 2022 թ․ սեպտեմբերյան պատերազմով:
Կազմակերպությունը մեծահոգաբար շրջանցել է նաև քաղաքական հետապնդումների, քաղբանտարկյալների առկայության փաստերը, չի անդրադարձել նրան, որ ՀՀ իշխանությունների օրոք դատարաններում հանցանք չգործած հանրային գործիչներ են մահանում, որոնց առանց լուրջ հիմնավորումների՝ անազատության մեջ են պահում՝ նրանց ընկճելու, վախեցնելու նպատակով: Ի դեպ, լավ կլիներ, որ այդ միջազգային կազմակերպությունը նաև ուսումնասիրեր Հայաստանում ընդդիմադիր լրատվամիջոցների ոդիսականը՝ ջրի երես հանելով բոլոր այն ճնշումները, սահմանափակումները, որոնք կիրառվում են այդ լրատվամիջոցների ու նրանց ղեկավարների, լրագրողների նկատմամբ: Այսպիսին է Հայաստանում այսօր ժողովրդավարական ազատությունը, և միջազգային հանրություննը մեր պետությունը կիսազատ է համարում: Ի՞նչ է, կարծում էիք, որ Վրաստանի օրինակով նրանք պետք է սպառնագին մա՞տ թափ տան մեր կապիտուլյանտ իշխանությունների վրա: Դրա համար էլ երևի պետք է շնորհակալ լինենք, կարող էր չէ՞ փաշինյանական ոճով բոլորիս համոզել, թե Հայաստանում երբևէ ավելի ժողովրդավար իշխանություն չի եղել, ինչի մասին ամեն անկյունում զառանցում են քպ-ականները՝ մտքերում թվարկելով այն գործիչների անունները, որոնց կցանկանային քաղբանտարկյալի կարգավիճակում տեսնել:

Թագուհի Ասլանյան