Ցանկացած ժողովրդական ըմբոստության հետևում միշտ կան ակտիվիստների ցանցեր․ փորձագետ

Երեկվանից գրառումներ ու մեկնաբանություններ եմ տեսնում. «Տեսե՛ք, թե վրացիները ինչ լավ ոտքի կանգնեցին, դիմադրեցին իշխանությանը ևն ևն, բա մենք ո՞նց չենք բաշարում…»։

Նախ՝ ոչ թե «վրացիները» (որպես ամբողջություն), այլ.

ա) Սաակաշվիլիի կողմնակիցները;

բ) Վրաստանում արևմտյան ցանցերը (մեր լեզվով ասած՝ «սորոսականները»)։

Իսկ արևմտյան ցանցերն այնպես չէ, որ հիմա Հայաստանում էլ չեն կարող մի քանի հազարանոց ցույց կազմակերպել։ Հենց հրահանգ ստանան, ինքներդ էլ կզարմանաք, թե միանգամից ինչպես կզարթնեն վերջին 3 տարին քաղցր նիրհում անցկացրած բազմաթիվ բջիջները այսպես կոչված «քաղհասարակության» (որը, կրկնեմ, ոչ թե քաղաքացիական խմբեր են, այլ արևմտյան ազդեցության ցանցեր)։

Երկրորդը՝ ցանկացած արդյունավետ բողոք, զանգվածային ակցիա պահանջում է համապատասխան ենթակառուցվածք։ Չկա էնպիսի բան, որ ամբողջ ժողովուրդը ինքն իրեն մի օր զարթնի ու որոշի, որ այսօր պետք է ցույց անի։ Ցանկացած ժողովրդական ըմբոստության հետևում միշտ կան ակտիվիստների ցանցեր, ինչ-որ արհեստակցական կազմակերպություններ, քաղաքական խմբեր և այլն, և այլն։

Սա չեմ նշում որպես վատ բան, զուտ պնդում եմ, որ առանց ենթակառուցվածքի և հստակ ռազմավարության որևէ պայքար չի կարող հասնել հաջողության։

Ուղղակի մենք հեռուստացույցով սովորաբար եզրափակիչ մասն ենք տեսնում ցանկացած այսպիսի արարի, այլ ոչ թե ամիսներ ու տարիներ տևած դրա նախապատրաստական աշխատանքը։

 

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից