ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված որևէ բան չի քննարկել՝ ոչ մասնակցության, ոչ ձևաչափի, ոչ էլ որևէ մեկին սատարելու հարցով. Արմեն Աշոտյան․ 168.am

Վերջերս մամուլում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մասնակցությամբ ձևաչափի ու քննարկումների մասին՝ կապված Երևանի ավագանու գալիք ընտրությունների հետ:

168.am-ի խնդրանքին՝ մեկնաբանել շրջանառվող լուրերը, Արմեն Աշոտյանը նախ ասաց, որ իրականում երկրում և տարածաշրջանում ստեղծված գերլարված իրավիճակը թելադրում են այլ քաղաքական գերակայություններ ՀՀԿ-ի գործունեության և առաջնահերթությունների տեսակետից:

«Հետևաբար՝ Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված՝ Հանրապետական կուսակցությունը այս պահին որևէ բան չի քննարկել, առավել ևս՝ չի որոշել ոչ մասնակցության, ոչ ձևաչափի, ոչ էլ որևէ մեկին սատարելու հետ կապված,- եզրափակեց Արմեն Աշոտյանը՝ ևս մեկ անգամ կրկնելով՝ ՀՀԿ-ն Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում  այլ առաջնահերթություններ ունի, քան Երևանի ավագանու ընտրություններն են:

Հիշեցնենք, որ իշխանությունները մտադիր են Երևանի ավագանու՝ քաղաքապետի ընտրություններ անցկացնել, և նրանց թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է: