Նեթանյահուն փորձում է մեղմել միջազգային արձագանքը՝ ուղղված պաղեստինյան գյուղը «ջնջելու» մասին նախարարի կոչին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը փորձել է մեղմել միջազգային բողոքը, որն առաջացել է իր կաբինետի ծայրահեղ աջ անդամ, ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի կոչերից՝ «ջնջելու» պաղեստինյան գյուղը, որը գտնվում է հակամարտության էպիկենտրոնում՝ ասելով, որ հայտարարությունները «անտեղի» են, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետը մեղադրել է արտաքին ուժերին՝ պաղեստինյան բռնությունների մասշտաբները քիչ ներկայացնելու համար, օրինակ՝ փետրվարի 26-ին Հուվարա գյուղում իսրայելցի երկու եղբայրների սպանությունը, որն այնտեղ խռովություն է առաջացրել։

Սմոտրիչն անցած շաբաթ ասել է, որ չնայած ինքը դեմ է լինչին, սակայն կարծում է, որ «Հուվարան պետք է ջնջվի» Իսրայելի կողմից:

ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանություններն անվանել է «անպատասխանատու» և «զզվելի»՝ ասելով, որ Նեթանյահուն պետք է մերժի և հերքի դրանք:

ՄԱԿ մարդու իրավունքների հանձնակատարն ասել է, որ Սմոտրիչը «անհասկանալի հայտարարություն է արել բռնության հրահրման մասին»:

Քանի որ իսրայելական լրատվամիջոցները ենթադրում էին, որ Սմոտրիչը, որը հաջորդ շաբաթ պետք է այցելի Վաշինգտոն, մերժվելու է ԱՄՆ վարչակազմի կողմից՝ բարդացնելով կապերը Նեթանյահուի կառավարության հետ, նա շաբաթ օրը Channel 12-ին տված հարցազրույցում ասել է․«Վրդովված լինելով՝ ես սխալ խոսեցի»՝ առանց ներողություն խնդրելու:

Պաղեստինցիները հորդորել են ԱՄՆ վարչակազմին՝ չընդունել Սմոտրիչին։ Նեթանյահուն ասել է, որ ինքն է որոշում Իսրայելի դիվանագիտությունը, այլ ոչ թե կոալիցիոն գործընկերները, ինչպիսին Սմոտրիչն է։

«Մեզ բոլորիս համար կարևոր է աշխատել՝ մեղմելու հռետորաբանությունը, իջեցնելու լարվածությունը», – գրել է Նեթանյահուն՝ շնորհակալություն հայտնելով Սմոտրիչին՝ «հասկանալու համար, որ իր բառերի ընտրությունը… տեղին չէ»:

«Ես դեռ սպասում եմ Պաղեստինի իշխանությունների կողմից Յանիվի եղբայրների սպանության համար դատավճիռին», – հավելել է Նեթանյահուն․ «Իսկ Իսրայելը սպասում է, որ միջազգային հանրությունը պահանջի դատապարտել այս հարձակումը: Սակայն ոչ միայն դա չի արվել, այլ նաև շարունակում են աչք փակել Պաղեստինի ինքնավարության մոլեգնած հրահրումների վրա»:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը, իր հերթին, հայտնել է, որ 2023 թվականի սկզբից ի վեր առնվազն 62 պաղեստինցի, այդ թվում՝ զինյալներ և խաղաղ բնակիչներ են սպանվել։ Իսրայելի տվյալներով՝ նույն ժամանակահատվածում պաղեստինցիների հարձակումների հետևանքով մահացել է 13 իսրայելցի և ուկրաինացի զբոսաշրջիկ։

Հուվարայում սպանված եղբայրները մոտակայքում գտնվող հրեական բնակավայրի բնակիչներ էին, որը պաղեստինցիները համարում են ներխուժում Արևմտյան ափի օկուպացված տարածք, որտեղ նրանք ցանկանում են ստեղծել ապագա պետություն: Համաշխարհային գերտերությունների մեծ մասը բնակավայրերն անօրինական են համարում։ Իսրայելը վիճարկում է դա։

Սպանությունից մի քանի ժամ անց վերաբնակիչները անկարգություններ են սկսել Հուվարայում: Մեկ պաղեստինցի գնդակահարվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են, այրվել են տներ ու մեքենաներ։ Իսրայելը ձերբակալել է այս հանցագործության մեջ կասկածվող 10 անձանց։

Սմոտրիչը պետք է ելույթ ունենա մարտի 12-ին «Israel Bonds»-ի ժողովում, որի կայքում նշվում է, որ միջոցառմանը ելույթ կունենա նաև «ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան», սակայն անունը չի նշվում: