Գերմանիայի կանցլերի կայքից հեռացվել է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին հատվածը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կայքից հեռացվել է նրա հայտարարության այն հատվածը, որում նա խոսում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքը հաշվի առնելու անհրաժեշտության մասին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի մասին կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ «վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»։

Մինչդեռ, հաղորդագրության սկզբնական տարբերակի համաձայն, Շոլցը հայտարարել է, որ «վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

Հաղորդագրության սկզբնական տարբերակը պահպանվել է Google-ի քեշում։ Համապատասխան հայտարարությունները Գերմանիայի կանցլերը հնչեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։